Գագիկ Մելիքյանը լավատես է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցում

Գագիկ Մելիքյանը լավատես է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցում

Հայաստանը ճանապարհներ կգտնի Եվրամիության հետ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման համոզմունք հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Այս պահին ընթանում է Ռիգայի գագաթնաժողովը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ գագաթնաժողովը Նախագահն արդեն ելույթ է ունեցել, որում ողջունել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները խորացնելու ցանկությունն երկկողմանի է: Հայաստանի հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականությունը ընկալում է գտել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Եվրամիության շրջանակներում, ինչի մասին էլ երեկ փաստել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիքյանը:

Մելիքյանը վստահություն հայտնեց, որ այն, ինչ իր ելույթում ասել է ՀՀ Նախագահը՝ Եվրամիութան հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ, հնարավոր կլինի կյանքի կոչել: Նրա համոզմամբ՝ Հայաստանը կարող է գնալ Եվրամիության հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման ճանապարհով՝ այնքանով, որքանով դա չի խանգարի այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում