Ադրբեջանում պետական սիստեմի ճգնաժամ է. «Թուրան»

Ադրբեջանում պետական սիստեմի ճգնաժամ է. «Թուրան»

Ադրբեջանում շարունակվում են մայիսի 19-ին Բաքվի կենտրոնում 16 հարկանի բնակելի շենքի այրվելու հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի պատճառով գործարարների եւ բանկիրների հարցաքննութուններն ու ձերբակալությունները, ընդ որում, այդ մասին իրավապահ մարմինները որեւէ տեղեկատվություն չեն հարղորդում: Միակ տեղեկատվությունը հայտնել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը` շենքի այրվելու պատճառների հետաքննության գծով Պետհանձնաժողովի նիստում, որտեղ հայտարարել է, որ որոշ չինովնիկներ եւ բիզնեսմեններ խոշոր հափշտակություններ են կատարել եւ պետք է դրա համար պատասխան տան: «Երբ ժամանակը գա, հասարակությանը տեղեկատվություն կհաղորդվի», – ասել էր նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Թուրան»-ի` ընդսմին, հարցաքննվողներն իրենք խոստովանում են, որ Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության հետ պայքարի գծով վարչությունում նրանցից պահանջում են վերադարձնել Ադրբեջանի միջազգային բանկում (ԱՄԲ) վերցրած վարկերը: Ընդ որում, անգամ այն վարկերը, որոնք պետք է վերադարձնել 2016 եւ 2017 թվականներին: Թե ինչի հիման վրա եւ ինչպես պետք է դա անել, ոչ մեկին չի հետաքրքրում: Փաստորեն, բոլոր նրանք, ովքեր համագործակցել են այդ բանկի հետ, հայտնվել են պատանդի վիճակում:

«Թուրան»-ը տարակուսանք է հայտնում, որ ԱՄԲ-ի նախկին ղեկավարությունը դեռեւս պատասխանատվության չի կանչվել, եւ իշխանությունների տրամաբանությունը նման իրավիճակում հասկանալ դժվար է` չխոսելով անգամ տեղի ունեցողի լեգիտիմության մասին:

«Պարտքերը «կորզելու» գործընթացը դեռեւս զգալի ազդեցություն չի գործում տնտեսական վիճակի վրա: Սակայն երկարաժամկետ հեռանկարում դա նշանակում է այդ օլիգարխների ձեռնարկությունների եւ օբյեկտների փակվելու արդյունքում հազարավոր, անգամ տասնյակ հասարավոր աշխատատեղերի կորուստ, երկրից կապիտալի արտահոսք, ներդրումային մթնոլորտի վատացում եւ ձեռնարկատերերի վստահության կորուստ:

Փաստորեն, ամբողջ աշխարհը դարձավ այն բանի վկան, որ տարիներ շարունակ երկրի ամենախոշոր բանկից անվերահսկելիորեն հափշտակվել են հարյուրավոր միլիոններ, եւ իշխանությունները դա չեն տեսել: Ավելի ճիշտ, այդ թալանի մասնակիցները դարձել են իրենք` պետական չինովնիկները եւ իշխանությանը մոտ կանգնած օլիգարխները: Այսինքն, իշխանություների ներկայացուցիչներից կազմված կազմակերպված հանցավոր խմբավորումները:

Նման սկանդալի ֆոնին պետության ղեկավարը հայտարարում է, որ չի կարողանում պարզել, թե ովքեր են կառուցում ապօրինի շքեղ առանձնատները: Դժվար է հավատալ այդ խոսքերի անկեղծությանը: Առաջին դեմքի խոստովանությունը, որ իր շրջապատը զբաղված է նման ապօրինությունով, ուղղակի կասկածի տակ է դնում ամբողջ պետական համակարգի լեգիտիմությունը, որը գործում է ոչ թե օրենքների, այլ բանավոր հանձնարարությունների հիման վրա: Կարճ ասած` դա ոչ թե գող չինովնիկների հարց է, այլ պետական սիստեմի ճգնաժամ:

16-հարկանի շենքում հրդեհը եւս այդ սիստեմային ճգնաժամի հաստատումն է, որը բացահայտել է, թե ինչքան վատ են աշխատում գործադիր իշխանությունները եւ պետական գերատեսչությունները, երբ մեղավոր են բոլորը եւ միաժամանակ ոչ ոք, երբ կարելի է գնել ցանկացած տեղեկանք, սարքել ցանկացած փաստաթուղթ: Արդյունքում, այդ բոլորի համար բանտ են նստեցնում բնակշահագործման գրասենյակների պետերին կամ օլիգարխների ընկերությունների «դնովի» ղեկավարներին»,- գրում է «Թուրան»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում