Խրամատներում կանգնած հայ զինվորը երբևիցե չի սադրում. Սեյրան Օհանյան

Խրամատներում կանգնած հայ զինվորը երբևիցե չի սադրում. Սեյրան Օհանյան

«Վերջին զանգ»-ի հանդիսությունների շրջանակում կազմակերպված «Արիության դաս»-ը, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով կահավորված դասարանում տեղադրված Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին անկասկած բոլորիս պետք է ուղղորդեն դեպի հերոսություններ: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան №11 հիմնական դպրոցում կայացած «Վերջին զանգ»-ի միջոցառմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք ունեցանք Մոնթե, Գոռ, Արմեններ, Հրաչյա, և բոլորն այս դպրոցում նրանց անուններն են հնչեցնում, որովհետև նրանց անուններով կարող ենք կերտել մեր ապագան: Նրանք հանգչում են Եռաբլուրում, սակայն նրանք փարոս են մի մեծ սարի գագաթին, որին դեռ հասնել է պետք ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա և հավելեց, որ խրամատներում կանգնած հայ զինվորը երբևիցե չի սադրում: «Նա միշտ ցանկանում է իր հայրենիքը խաղաղ վիճակում տեսնել, բայց եթե դիմացինն ըմբոստանում է, ապա նա պատրաստ է պաշտպանել իր երկրի սահմանները»,-շեշտեց Օհանյանը:

Նա իր երախտագիտությունը հայտնեց  դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվին կազմակերպված «Արիության դաս»-ի համար:

«Մոնթեի անունը կրող դպրոցում դժվար էր պատկերացնել որևէ այլ միջոցառում: Այն մթնոլորտը, որը տիրում է այս դպրոցում, ապացուցում է, որ հայ ժողովրդի պատմության պատգամները պատշաճ մակարդակով են փոխանցվել դպրոցի ողջ անձնակազմին, և նմանատիպ դասերի անցկացումը պետք է տարածել մեր հանրապետության բոլոր հիմնական և ավագ դպրոցներում»,-ասաց նախարարը:

Իր հերթին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան №11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը նկատեց, որ իրենց դպրոցում արդեն ավանդույթ է դարձել վերջին զանգը անցկացնել որևէ հետաքրքիր խորագրի ներքո:

«Այս տարվա վերջին զանգի հանդիսությունները մեր դպրոցում անցնում են «Արիության դաս» խորագրով: Դպրոցն ակամայից դարձել է ռազմական խորացված ուսուցմամբ դպրոց, որովհետև այս մանկավարժական դպրոցի կոլեկտիվի գլխավոր առաքելությունը հայրենապաշտ զինվոր և քաղաքացի դաստի արակելն է»,-ընդգծեց նա:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան մայիսի 22-ին այցելեց Երևանի Մոնթե Մելքոնյանի №11 հիմնական դպրոց` մասնակցելով դպրոցում կայացած «Վերջին զանգ»-ի միջոցառմանը, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի և այս տարվա հունվարին դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի անվան դասարանում կիսանդրու բացման հանդիսավոր արարողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում