Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ստամբուլի «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու արշավ է սկսել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ստամբուլի «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու արշավ է սկսել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում մինչեւ 1983 թվականը հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու համար ԱՄՆ Կոնգրեսին գործի դնելու նպատակ հետապնդող արշավ է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հանձնախմբի կայքը, Հայ դատը ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է արել նամակներ հղել ԱՄՆ-ի սենատորներին եւ կոնգրեսականներին` խնդրելով «Արմեն» ճամբարի համար դիմել Պետքարտուղարությանը:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությանը եւ թուրքական կառավարությանը եւս ճնշում գործադրելու առաջարկով Հայ դատի հանձնախմբի կողմից այդ առնչությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայ որբերի ճամբարը քանդելու շուրջ դադարն ու դրա` թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում գտնվելը ԱՄՆ կառավարությանը առիթ են տալիս պահանջել չքանդել Թուրքիայում հայկական մշակույթի եւ կրոնական ինքնության խորհրդանիշ հանդիսացող շենքը»:

«Ասպարեզն» իր հերթին հայտնել է, որ Թուրքիայում գործող «Նոր զարթոնք» շարժումը մայիսի 22-ի երեկոյան Ստամբուլում տպավորիչ քայլարշավ է կազմակերպել: Պոլսի Բեյօղլու թաղամասում հավաքված հարյուրավոր մարդիկ հայկական որբանոցը քանդելու դեմ զորակցող քայլարշավ են կատարել դեպի Գալաթասարայ հրապարակ: Հանրահավաքի կազմակերպիչներն իրենց ելույթներում թուրքական իշխանություններին կոչ են արել անմիջապես եւ առանց նախապայմանների «Արմեն» ճամբարը վերադարձնել հայ համայնքին:

«Արմեն» ճամբարում են մեծացել նաեւ 2007 թվականին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կինը` Ռաքել Դինքը: Մինչեւ 1983 թվականը մոտ 1500 հայ որբերի ապաստան տված որբանոցի տեղում, որի քանդման աշխատանքները սկսվել են մայիսի 6-ին, թուրքական իշխանությունները ծրագրել են ժամանակակից շենքեր կառուցել: Ճամբարի քանդումը ժամանակավորապես դադարեցվել է հանրության շրջանում խիստ բողոք առաջանալու եւ շենքը հայ տերերին վերադարձնելու պահանջներ հնչեցվելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում