Արևմուտքը, ԱՄՆ-ն ԻՊ-ի միջոցով փորձում են թուլացնել Ասադի վարչակազմի դիրքերը և ազատվել նրանից. Արաբագետ

Արևմուտքը, ԱՄՆ-ն ԻՊ-ի միջոցով փորձում են թուլացնել Ասադի վարչակազմի  դիրքերը և ազատվել  նրանից. Արաբագետ

«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը հուժկու և վճռորոշ գրոհի միջոցով իր ամբողջական վերահսկողությունն է հաստատել Սիրիայի հնագույն պատմական Պալմիրա (Թադմուր) քաղաքի վրա, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ընդ որում՝ ԻՊ-ի զինյալները գրավել են քաղաքի մերձակայքում գտնվող ավիաբազան, բանտը, հետախուզության կենտրոնակայանը՝ ձեռք բերելով նաև մեծաքանակ  ռազմական  տեխնիկա  ու սպառազինություն:

Լրագրողների հետ հանդիպմանն արաբագետ Արմեն Պետրոսյանը  նկատեց՝  բացի այն, որ Պալմիրան  պատմամշակութային արժեք է, այն նաև  Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների համատեքստում  սիրիական վարչակարգի համար  ռազմավարական, տնտեսական  նշանակություն  ուներ՝  լինելով տրանսպորտային և գազամատակարարման  հանգույց. «Գրավելով  Պալմիրա  քաղաքը՝ իսլամականները որոշակի վերահսկողություն են սահմանում  М20 ռազմավարական կարևորության ավտոմայրուղու վրա, որը բացառիկ հնարավորություներ էր ընձեռում սիրիական իշխանություններին՝ անհրաժեշտ մատակարարումներ իրականացնելու երկրի արևելյան Դեր ալ Զուր նահանգում դեռևս պահպանվող դիրքերին՝ դրանով իսկ առաջացնելով փաստացի  շրջափակման սպառնալիք: Երկրորդ՝ Պալմիրան հանդիսանալով կարևորագույն տրանսպորտային հանգույց, հնարավորություն է ընձեռում  ԻՊ-ին՝ թիրախավորելու ոչ միայն  Դեր ալ Զուր նահանգն՝ ամբողջությամբ զրկելով վարչակարգին երկրի արևելյան շրջաններում ունեցած դիրքերից, այլ նաև՝ շարժվել  դեպի արևմուտք՝ Հոմս և դեպի հարավ-արևմուտք՝ Դամասկոս: Երրորդ՝ քաղաքն էներգետիկ ռեսուրսների,  հատկապես՝  գազային հանքավայրերի առանցքային հանգույց  էր, որտեղից իրականցվում էր նաև սիրիական վարչակարգի համար կարևոր նշանակություն ունեցող 3 նահանգի՝ Դամասկոսի, Տարտուսի և Լաթաքիայի գազամատակարարումը»,- մանրամասնեց արաբագետը՝ հավելելով, որ սիրիական տարածքների  50 տոկոսն այսօր ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում, ինչը վկայում է, որ այսօր Սիրիայի վարչակարգի դիրքերը բավականին թուլացել են:

Այստեղ Արմեն Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ներկայում Սիրիան միայնակ ճակատային ռազմապայքարի մեջ է ԻՊ-ի հետ, ավելին՝ Պալմիրայի դեպքում ԻՊ-ի դեմ  կոալիցիոն  ուժի աջակցության բացակայությունը հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը, ԱՄՆ-ն ԻՊ-ի միջոցով փորձում են թուլացնել Ասադի վարչակազմի  դիրքերը, ազատվել  նրանից: Իսկ  դիրքերի թուլացումը ենթադրում է քաղաքական զիջումներ, որի հեռանկարներն  ըստ արաբագետի, արդեն տեսանելի են:

Անդրադառնալով Հալեպի և  հայ համայնքի դժվարին վիճակին, արաբագետը նկատեց, որ գործնականում  անհնար է  հալեպահայության  դուրս բերումն այնտեղից՝ շեշտելով, որ դրանով նրանք կդառնան և ԻՊ-ի զինյալների, և սիրիական կառավարական ուժերի թիրախը, մասնավորապես,  Սիրիայի կառավարությունը  հալեպահայությանը կդիտարկի որպես անհավատարիմի, որոնք դրժեցին իրենց  հետ պայքարելու  խոստումը: Այսինքն՝ այստեղ նուրբ քայլեր են պետք: Ըստ այդմ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել է մեկնել Սիրիա և տեղում ծանոթանալ սիրիահայերի խնդիրներին:

Արաբագետն այն կարծիքին է, որ  Սիրիայի  իշխանությունները դեռ կարող են որոշակի անվտանգային երաշխիքներ  տալ  տեղի հայությանը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում