Անհրաժեշտ է հայրենիքի, Սփյուռքի և գաղութների առաջնահերթությունների ներքին դասավորում կատարել. Արամ Ա

Անհրաժեշտ է հայրենիքի, Սփյուռքի և  գաղութների առաջնահերթությունների ներքին դասավորում  կատարել. Արամ Ա

Մայիսի 22-ի երեկոյան ԱՄՆ  Արևելյան Թեմի Հովվապետական այցելության ժամանակ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Դետրոյթում հանդիպել է համայնքի կեանքին առնչվող տարբեր  կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը  ներկա են եղել ԱՄՆ Արևելյան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, Առաջնորդական Փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը և այլն: Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության կայքը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն  անդրադարձել է  հետևյալ կետերին՝

1. Ինչպես Դետրոյթի, այնպես էլ  մյուս համայնքներում  մեր եկեղեցու շուրջ գործում են մի շարք միություններ ու կառույցներ: Յուրաքանչյուր  միություն  անհրաժեշտ է,  որ պահի իր ինքնությունը, գործելակերպը և  առաջնահերթությունները: Անհրաժեշտ է ներքին ներդաշնակություն առաջացնել նրանց միջև՝ խուսափելով կրկնություններից, խաչաձևումներից  ու   բևեռացումներից:

2. Անհրաժեշտ է հայրենիքի, Սփյուռքի և  գաղութների առաջնահերթությունների  ներքին դասավորում կատարել՝ համապարփակ ու իրապաշտ մոտեցումով: Հզոր հայրենիք  նշանակում է հզոր Սփյուռք, հզոր Սփյուռք նշանակում է հզոր գաղութ, և  փոխադարձաբար:

3. Հովվապետական այցելության ստեղծած հոգևոր ու ազգային խանդավառությունը պետք է շարունակվի գաղութի ներսում՝ նրան տալով գործնական արտահայտություն՝ եկեղեցու ու համայնքի կյանքին մեր մասնակցությունը դարձնելով ավելի հետեւողական ու ամբողջական, ինչպես նաև մշակելով այնպիսի ծրագրեր, որոնք կկարողանան  մեր համայնքի  կյանքը ծաղկեցնել հոգևոր ու ազգային իմաստով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում