Բջնիում բացվել է ազատության ու անկախության համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող

Բջնիում բացվել է ազատության ու անկախության համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող

Մայիսի 23-ին Կոտայքի մարզի Բջնի համայնքում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկներին նվիրված հուշակոթող: Բջնիում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԵԿՄ-ի, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններեր»  ՀԿ ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր:

Բջնիում մեկտեղվել էին մեծ թե փոքր, պաշտոնյա, զինվորական թե հասարակ քաղաքացի՝ ևս մեկ անգամ հայրենիքի ազատության ու անկախության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների սխրանքն արժևորելու, Արցախյան ազատամարտում ու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը վերապրելու համար:

Զոհված մարտիկների փառքն ու սխրանքը հավերժացնող հուշակոթողի  բացման պատիվը վերապահվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, որից հետո հոգևորականների մասնակցությամբ կատարվեց  օրհնության արարողակարգ:

Բացելով հանդիսավոր միտինգը և ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը նշեց, որ հուշակոթողի բացմամբ արժանին է մատուցվում ազատության ու անկախության համար ընկած հերոսներին, ովքեր անմնացորդ նվիրումով մարտնչեցին հայրենիքի սահմանների անառիկության համար:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտեց, որ նմանաբնույթ յուրաքանչյուր կոթող ու միջոցառում առաջին հերթին հարգանքի տուրք են հայրենիքի նվիրյալներին և, անշուշտ, հայրենասիրական բաց դաս սերունդների համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ Արցախյան գոյապայքարը համայն հայության համար այն սուրբ ազատամարտն է, որտեղ հայ ժողովուրդը կարողացավ հաղթել ու փրկել իր ինքնությունը և այդ հաղթանակի արդյունքն այսօր հետևողականորեն զարգացող հայկական երկու հանրապետություններն են:

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով խրախուսեց հուշակոթողի կառուցման աշխատանքներին աջակցած մի խումբ ազատամարտիկների և բարերարների: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց զինծառայողների և երկրապահների հանդիսավոր երթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում