Ադրբեջանում մեկ ամսում 124 կեղծ ընկերություններ են ստեղծվել

Ադրբեջանում մեկ ամսում 124 կեղծ ընկերություններ են ստեղծվել

Ադրբեջանի հարկերի նախարարությունը հրապարակել է փետրվարին պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց ցուցակը, որոնց մեկ չորրորդը` 124-ը, կեղծ են եղել եւ ստեղծվել են պետական բյուջեի միջոցները յուրացնելու եւ մաքսային գործողություններում օգտագործելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ընթացիկ տարվա փետրվարին, երբ Ադրբեջանում մոտ 36 տոկոսով արժեզրկվել էր ազգային արժույթը` մանաթը, կոմերցիոն իրավաբանական անձանց պետական ռեեստր են մտցվել 494 կազմակերպություններ:

«Թուրանի» թղթակիցը, օգտագործելով անցյալ ժամանակաշրջանում կուտակած փորձը, հաշվել է, որ նրանցից նվազագույնը 124-ը ստեղծվել են կեղտոտ գործողություններում օգտագործելու համար: Ուշագրավ է, որ նման ընկերությունները ստեղծվում են էլեկտրոնային ծառայությունների միջոցով. անհայտ հիմնադիրները գրանցում ստանալու համար օգտագործում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Որպես կանոն, այդ ընկերություններն ունեն միայն 2-10 մանաթը չգերազանցող նախնական կապիտալ, անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ եւ կնիք: Որոշակի ժամանակ անցնելուց հետո, նրանց կցում են պետական գնումների, որոնց արդյունքում դառնում են մի քանի հարյուր հայտամրցույթների եւ գնանշումների հաղթողներ: Մասնավոր ընկերությունների եւ ֆիզիկական անձանց կողմից որոշակի ապրանքների ներկրումը եւս ձեւակերպվում է նման ընկերությունների անուններով` ավելացված հարկի արժեքը յուրացնելու նպատակով:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ կեղծ ընկերությունների օրինական ներկայացուցիչներ են նշանակվում որոշակի անձինք: Այդ ընկերությունների իրավաբանական հասցեն եւս սահմանափակվում է Բաքվում եւ Ադրբեջանի շրջաններում որոշակի վայրերով», -գրում է «Թուրան»-ը` նշելով, որ թեեւ բազմիցս հաղորդել է այդ մասին, սակայն, իրավապահ մարմինները չեն արձագանքել դրանց:

Ադրբեջանական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կեղծ ընկերությունների ստեղծումն Ադրբեջանում շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում