Բողոքի ակցիա ադրբեջանաիրանական սահմանում. 1000-ից ավելի մարդ չի կարողանում անցնել Իրան

Բողոքի ակցիա ադրբեջանաիրանական սահմանում. 1000-ից ավելի մարդ չի կարողանում անցնել Իրան

Ադրբեջանա-իրանական սահմանային Բիլյասուվարի անցակետում 1000-ից ավելի մարդ բողոքի ակցիա է կազմակերպել այն պատճառով, որ մաքսակետի աշխատակիցները թույլ չեն տալիս անցնել Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով strateq.az լրատվական կայքը, ադրբեջանցի մաքսավորները դրա համար ոչ մի պատճառ չեն նշում:Քաղաքացիներից մեկի խոսքով` անցակետում ցավալի պատկեր է ստեղծվել:

«Այստեղ Իրան անցնել ցանկացող հարյուրավոր տարեցներ, կանայք եւ երեխաներ կան: Ժամեր շարունակ նրանք կանգնած են ոտքի վրա եւ սպասում են, որ թույլ տան հատել սահմանը: Մարդիկ բողոքում, գոռում, ծեծում են պատուհանները, թափահարում երկաթյա ճաղերը, սակայն, մաքսավորները ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Հայտնի չէ, թե ինչու են մարդկանց տանջում: Միայն ասում են, որ ստուգումներ են ընթանում, եւ կարող են բողոքել` ում ցանկանում են», -կայքին հայտնել է նա:

Աղբյուրի խոսքով` շատ ծանր է տեսնել ադրբեջանցիների ցավալի վիճակը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ օրական տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ են մեկնում Իրան` բուժում անցնելու եւ տարբեր ապրանքներ ու սննդամթերք գնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում