«Արմեն» ճամբարը վերադարձվում է հայկական հիմնադրամին

«Արմեն» ճամբարը վերադարձվում է հայկական հիմնադրամին

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն» ճամբար որբանոցի շենքի կադաստրային փաստաթուղթն այս շաբաթ կվերադարձվի հայկական հիմնադրամին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայտնում է թուրքական «Էվրենսել» թերթը: Ըստ թերթի` այդ մասին «Ակոս» ռադիոյի հետ զրույցում հայտնել է Հարութ Օզերը:

Պոլսահայ Կարապետ Օրունուզն էլ «Էվրենսել»-ին հայտնել է, որ ճամբարի շենքի սեփականատերը խոստացել է մայիսի 27-ին հանդես գալ շենքից հրաժարվելու մասին հայտարարությամբ եւ սկսել կադաստրային փաստաթուղթը հայկական հիմնադրամի անունով ձեւակերպելու գործառույթները: Օրունոզը նաեւ հավելել է, որ «Արմեն» ճամբարը շարունակելու է գործել ամբողջ ամառվա ընթացքում:

Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել նաեւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված հայտնի հայ գործիչ Կարո Փալյանը: Նա հայտնել է, որ «Արմեն» ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյն իր հետ զրույցում ասել է, որ որոշել է որբանոցը նվիրաբերել հայկական հիմնադրամին:

«Արմեն» ճամբարում մեծացել եւ կրթություն են ստացել 2007 թվականի հունվարի 17-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանված Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կինը` Ռաքել Դինքը:

«Արմեն» ճամբարը, որտեղ մինչև 1983 թվականը ապաստանել են մոտ 1500 հայ որբեր, թուրքական իշխանությունների կողմից զավթվել է 1987 թվականին եւ վաճառվել թուրք գործարարի: Վերջինս որոշել է քանդել մանկատունը եւ նրա տեղում բնակելի շենքեր կառուցել: Ճամբարի քանդումը ժամանակավորապես դադարեցվել է հանրության շրջանում խիստ բողոքի եւ շենքը հայ տերերին վերադարձնելու պահանջների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում