Քնարավան գյուղի դպրոցի միակ առաջին դասարանցին արդեն տառաճանաչ է

Քնարավան գյուղի դպրոցի միակ առաջին դասարանցին արդեն տառաճանաչ է

Օրերս կայացած միջոցառումը Արցախի Շահումյանի շրջանի Քնարավանի հիմնական դպրոցում էր: Այն կարելի է ասել՝ տեղի ուժերով կազմակերպված առաջին միջոցառումն էր: Այս ամենի «մեղավորը» չապլինաբնակ (Քնարավան գյուղի հարակից զորամասի տարածքի անվանումն է) Սամվել Պողոսյանն էր, ով հաճախում է Քնարավանի դպրոցի առաջին դասարան:

Օրը տոնական էր թե՛ Սամվելիկի, թե՛ ուսուցիչների համար: Քանի որ դասարանը երկկազմ է, և դպրոցն ունի ընդամենը 22 աշակերտ, դասվար Մարիետա Միքայելյանը բոլոր աշակերտներին էր ընդգրկել միջոցառմանը: Երեխաները մեծ ոգևորությամբ կատարում էին հայահունչ անաղարտ երգ ու ասմունք: Այն կարծես թե ամբողջ տարվա կատարած աշխատաքնի ստուգատես էր, հատկապես Սամվելի համար: Դասվարի տքնաջան աշխատանքը զգացվում էր երեխաների ներկայացած բեկականացման մեջ, նրանց կատարած պարի ու երկխոսության ընթացքում:

Քնարավանը գտնվում է Վարդենիս -Մարտակերտ մայրուղու վրա: Այստեղ դպրոցը իր աշխատանքները սկսել է 2006 թվականին ընդամենը 6 աշակերտով: Համայնքում կա 15 տնտեսություն, իսկ հաջորդ տարին՝ ըստ համայնքապետ Մարինե Փիլոսյանի, դպրոց կհաճախեն, շուրջ 30 երեխաներ:

Մարիամ Փիլաֆյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում