Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը Մոսկվայում քննարկելու են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Մամեդյարովը պաշտոնական այցով Ռուսաստանում է գտնվում մայիսի 24-26-ին: Նրա այցի ծրագրում, Լավրովի հետ բանակցություններից բացի, հանդիպումներ են ներառված Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի եւ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ:

Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվելու են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հանգուցային հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ կապակցությամբ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ հակամարտության կարգավորումը Մոսկվայի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: «Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը կարող է օգնել, առաջարկել հանգուցալուծումների տարբերակներ,- հավելել են դիվանագետները:- Իսկ բուն կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում