Բոլոնիայի համաժողովի անցկացումը թանկ հաճույք է, բայց ՀՀ պետբյուջեի վրա դա թանկ չի նստել

Բոլոնիայի համաժողովի անցկացումը թանկ հաճույք է, բայց ՀՀ պետբյուջեի վրա դա թանկ  չի նստել

Կրթության ոլորտին  վերաբերող  Կառավարության ծրագրում խնդիր է դրված  շարունակել մեկնարկած բարեփոխումները,  հանդես գալ նոր նախաձեռնություններով  և լուծումներ գտնել առկա մարտահրավերներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով այս ուղղությամբ կառավարության գործունեության  մեկ տարին՝ ասաց կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ նախարարների փոփոխությունները կարող են  երանգներ առաջացնել  քաղաքականության մեջ, բայց դրանք  չպետք է ճակատագրական հետևանքների և ցնցումների հանգեցնեն  կրթական ոլորտում:

Նախարար Աշոտյանն այս համատեքստում հայտարարեց, որ չկա ձախողված որևէ ծրագիր, այլ հարց է, որ կան ամբողջությամբ   չլուծված խնդիրներ, օրինակ՝ կոռուպցիայի հետ կապված, որի վերացմանը հնարավոր չէ մեկ  տարում հասնել: Իսկ իրականություն դարձած ծրագրերից  ԿԳ նախարարն առանձնացրեց՝

1. «ՀՀ Ազգային ժողովն ընդունեց տասներկուամյա պարտադիր կրթության մասին օրենքը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ, մինչդեռ  ժամանակն է առավել բարձր նվազագույն ցենզի անցնենք:

2. Մի քանի դպրոցներում ներդրված «Ազգային երգուպար» առարկայի փորձնական պիլոտային  ծրագիր: Սեպտեմբերի 1-ից առարկան կդասավանդվի ևս հարյուր դպրոցում:

3. Գիտական աստիճանաշնորհման ոլորտում կառավարության նոր ընթացակարգ, որով խստացվել են պահանջները, բայց մեղմացվել բյուրոկրատական հարցերը: Ընդունվել է նաև գիտական փորձաքննության մասին օրենք:

4. Ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակում  սկիզբ է դրվել   պատանի երկրապահների ակումբների ձևավորման ծրագրին, և արդեն հարյուրից ավելի ակումբներ են գործում դպրոցներում:

5. Վայոց Զորի մարզից սեպտեմբերին մեկնարկելու է «Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» ծրագիրը,  որը  հայալեզու  մի նոր պաշար է ստեղծելու երեխաների համար:

Մեկ տարվա գործունեության գլխավոր ձեռքբերումը, սակայն, ԿԳ նախարարը համարում է Եվրոպական կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն ընդգծեց Հայաստանի վարկանիշը Եվրոպական կրթական տարածքում.«Այն արձագանքները, որ ստանում ենք Բրյուսելից մինչեւ Մոսկվա, Փարիզից՝ Երեւան, վկայում են այն մասին, որ մեր եռամյա ջանքերը գերհաջողված էին»:

Ի դեպ, Արմեն Աշոտյանն ակնարկեց, որ նման համաժողովի անցկացումը թանկ հաճույք է, բայց ՀՀ-ը կարողացել է դա իրականացնել  պետբյուջեից  համեստ միջոցներ ներգրավելով. եղել է տեղի ընկերությունների iմասնավոր աջակցություն, 40 տոկոսն  էլ ծախսերի հոգալու է ԵՄ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում