Արտաքին առևտրաշրջանառության նվազման հիմնական ռիսկը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն են. Գագիկ Խաչատրյան

Արտաքին առևտրաշրջանառության նվազման հիմնական ռիսկը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն են. Գագիկ Խաչատրյան

Հայաստանի կառավարությունը մտահոգություններ ունի, որ երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալների նվազման միտումները կարող են շարունակվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Դա պայմանավորված է նրանով, որ մեր գործընկեր Ռուսաստանին նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են, իսկ դրանք մեծ դերակատարություն ունեն այդ առումով: Հիմնական ռիսկերից մեկը հենց այս հանգամանքն է: Դա նպաստում է նաև տրանսֆերտների նվազմանը, ուստի մենք չենք կարող անհանգստություններ չունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին` շարունակվո՞ւմ են արդյոք արտաքին առևտրաշրջանառության նվազման միտումները տարվա առաջին եռամսյակում:

Նախարարը նշեց, որ կառավարությունն այս տարվա  առաջին եռամսյակում բյուջետային մուտքերի առումով նախանշած ցուցանիշները կատարել է:

«Մնացած ամիսների համար էլ մեր կանխատեսած գրաֆիկով առաջ ենք շարժվում, սակայն ունենք մտահոգություններ»,- ընդգծեց նախարարը:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է, սակայն կառավարությանը հաջողվել է առաջին եռամսյակում իրականացնել բյուջեի նախատեսված մուտքերը, նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ առաջին եռամսյակում կառավարությունը կատարել է նախատեսված բյուջետային մուտքերը:

«Երկրորդ եռամսյակում էլ, թեև ունենք որոշակի մտահոգություններ, սակայն առաջ ենք շարժվում մեր նախանշած գրաֆիկով»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 945.5 միլիոն դոլար, որը 28.5%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում