2014թ. պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9 տոկոս

2014թ. պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9 տոկոս

Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի  փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1 տրիլիոն 144.8 միլիարդ դրամ, ինչը  96.3%-ով ապահովել է  ճշտված ծրագրի կատարումը և 6.9%-ով կամ  73.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակ ալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 96.7%-ով, այլ եկամուտների ծրագիրը` 99.7%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 68.7% կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 7.9 մլրդ դրամ: Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 36.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 100.7%-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեց Ջանջուղազյանը:

Անցյալ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվել է  բազմակողմ և միաժամանակ հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն: Նպատակ է դրվել չափավոր նպաստել տնտեսական վերականգնմանը, որի  պայմաններում չի խաթարվի մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունությունը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014 թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության ներկայացման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«2014 թվականի արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները  կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ջ անջուղազյանը:Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9%-ով, իսկ հարկային եկամուտներինը` 6.3%-ով:

Ընդ որում, հարկային եկամուտների աճը պայմանավորվել է հիմնականում ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և այլ հարկային եկամուտների աճերով: ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի ցուցանիշը 2014 թվականի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 27.3%:

Ընթացիկ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 24.3%-ը` նախորդ տարվա 23.8%-ի դիմաց, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3%-ը` պահպանելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 

«Ընդ որում, ընթացիկ ծախսերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 8.5%-ով՝ հիմնականում պայմանավորված սոցիալական նպաստների և կենսաթոշակների ու ծառայությունների և ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի աճով: 2014 թվականին պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 2%-ը, նախորդ տարվա 1.7%-ի համեմատ»,- նշեց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում