ՔԿՀ-ներում կիրականացվի բուժական ծառայությունների արդիականացման ծրագիր

ՔԿՀ-ներում կիրականացվի բուժական ծառայությունների արդիականացման ծրագիր

ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրախորհրդի հետ համատեղ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բուժական ծառայությունների արդիականացման և տեխնիկական վերազինման նպատակով մոտ 980 հազար եվրոարժողությամբ ծրագիր է իրականացնելու:

Այս մասին լրագրողների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Դատապարտյալների բուժման հետ կապված խնդիրներ կան մեր բոլոր ՔԿՀ-ներում: Այդ խնդիրը լուծելու համար մենք մեր եվրոպացի գործընկերների հետ նախաձեռնելու ենք մի ծրագիր, որն իրակացնելու դեպքում ՔԿՀ-ների բուժծառայությունների մասով մենք լավ արդյունքներ կգրանցենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա և հավելեց, որ ՔԿՀ-ներում բուժական ծառայությունների վատ որակը պայմանավորված է ոլորտում առկա կ ադրային և բյուջետային խնդիրներով:

Անդրադառնալով ՔԿՀ-ներում դատապարտյալներին մատուցվող սննդի որակին` Հովհաննես Մանուկյանը նկատեց հետևյալը.

«Ես անձամբ չնախատեսված այցեր եմ կատարել տարբեր ՔԿՀ-ներ`սննդի որակը ստուգելու համար: Մատուցած սնունդը  կարելի է ուտել, սակայն սննդի որակը բարելավելու կարիք կա»,-պարզաբանեց նախարարը և հավելեց, որ սննդի մատակարարը և ընդունողը պետք է լինեն տարբեր մարդիկ, ինչը թույլ կտա կրճատել ոլորտում առկա չարաշահումները:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացիոնար բուժում են ստացել անազատության մեջ գտնվող 1163 անձ, ամբուլատոր ընդունելության են դիմել 78 հազար 147 անձ: Բացի այդ` ներկա պահին ՔԿՀ-ներում  առկա է տուբերկուլյոզով հիվանդ 37 անձ, իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 27 անձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում