Նախարարությունը Ուրիխանյանից ՀԷՑ-ի չարաշահումների մասին փաստեր դեռ չի ստացել

Նախարարությունը Ուրիխանյանից ՀԷՑ-ի չարաշահումների մասին փաստեր դեռ չի ստացել

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Ալյանս» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից որևէ կոնկրետ փաստ և նյութ չի ստացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում տեղի ունեցող չարաշահումների վերաբերյալ: Այս մասին նախարարությունից հայտնեցին` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` արդյոք  Ուրիխանյանը նախարարին ներկայացրե՞լ է մայիսի 20-ին Ազգային ժողովում խոստացած փաստերն ու տվյալները:

«Մինչ օրս ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը այդպես էլ չի ներկայացրել խոստացած նյութը»,-հայտնեցին նախարարությունից:

Ազգային ժողովում դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին` Ուրիխանյանը կարծիք հայտնեց, որ նախարարությունը` որպես էներգետիկայի ոլորտը կառավարող, կոորդինացնող գերատեսչություն, պետք է ավելի հետեւողական լինի` նյութերը դատախազություն հասցնելու ուղղությամբ, իսկ ինքը պատրաստ է տրամադրել դրանք:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում