Երևանում անշարժ գույքը չի թանկացել նաև պահանջարկի բացակայության պատճառով

Երևանում անշարժ գույքը չի թանկացել նաև պահանջարկի բացակայության պատճառով

Անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարում դեռևս թանկացումներ չեն գրանցվել: Այլ կերպ ասած` անշարժ գույքի շուկայում հարաբերական կայունություն է, ինչի պատճառներից է նաև անշարժ գույքի պահանջարկի անկումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփման ժամանակ:

«Ես արդեն ասել էի, որ թանկացումներ չեն լինելու, առայժմ նման բան չկա: Անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը նվազել է, գնորդներ քիչ կան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մարտին Սարգսյանը: Իսկ թե որն է անշարժ գույքի շուկայում գործարքների նվազման պատճառը, պաշտոնյան նշեց.

«Ես այսօր կապում եմ բանկային համակարգի լոյալության հետ, ռիսկային վարկեր չտրամադրելու հետ: Բանկերը լայնածավալ վարկեր չեն տրամադրում` թե հիփոթեքային, թե գյուղատնտեսական: Կարծում եմ` շուտով կառավարության վերջին որոշումներից հետո գյուղատնտեսական վարկերը կտրվեն, քանի որ կառավարությունը սուբսիդավորելու է այդ վարկերը: Բանկերը, եթե վարկեր տրամադրեն, շուկան կաշխուժանա»:

Մարտին Սարգսյանի տեղեկացմամբ` ներկա պահին Կենտրոնոմ մեկ քառակուսի մետր տարածքի արժեքը 428 հազար դրամ է, թանկացում չի գրանցվել, Արաբկիրում` 356 հազար 600 դրամ, Քանաքեռ Զեյթունում` 282 հազար 700 դրամ, Նոր Նորքում` 253 հազար դրամ, Ավանում` 260 հազար 400 դրամ, Էրեբունիում` 251 հազար 600 դրամ, Շենգավիթում` 256 հազար 900 դրամ, Դավիթաշենում` 275 հազար 500 դրամ, Աջափնյակում` 249 հազար 650 դրամ, Մալաթիա Սեբաստիայում` 242 հազար 800 դրամ, Նուբարաշենում` 156 հազար 500: Երևանում միջինը կազմում է 274 հազար դրամ:2013 թվականին գրանցվել է օտարման 48 հազար 716 գործարք, 2014-ին` 51 հազար 082, աճը կազմում է 4.9 տոկոս: 2013-ին գրանցվել է գրավադրման 24 հազար 055 գործարք, 2014-ին` 24 հազար 589: 2013 թվականին գրանցվել է վարձակալության 8 հազար 542 գործարք, 2014-ին` 7 հազար 980:

Հետևեք մեզ նաև Telegram-ում