Քեսաբում իրավիճակը Սիրիայի մյուս շրջանների համեմատ կայուն է

Քեսաբում իրավիճակը Սիրիայի մյուս շրջանների համեմատ կայուն է

Քեսաբում, Սիրիայի մյուս շրջանների համեմատ, իրավիճակը հանգիստ է՝ չնայած որոշակի լարվածություն կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սիրիահայության շտապօգնության և վերականգնումի Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ Քեսաբի վրա հարձակում չկա, երբեմն փոքր միջադեպեր են լինում:  Բանակը փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը:

Նրա խոսքով՝ Քեսաբից 30-35 կմ հեռավորությամբ գտնվող Սարայա շրջանում նախօրեին տասնյակ հրթիռներ են ընկել, որոնց հետևանքով մի քանի վիրավորներ կան:

Այդուհանդերձ, Մանճիկյանը տեղեկացրեց, որ իրավիճակը Քեսաբում, հայաշատ Հալեպի համեմատ, որտեղ բնակիչները ծայրահեղ վիճակում են և մշտական բախումներ են ընթանում, կայուն է, իսկ բանակը վերահսկում է իրավիճակը:

«Տնտեսական իմաստով վերջրես տեղացած կարկուտը բավական վնաս է հասցրել հատկապես խնձորի ու սալորի բերքին, ինչը մտահոգիչ է քեսաբցիների համար»-, նշեց Մանճիկյանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրել էր, որ թուրքական սպառնալիքն առկա է ամեն օր: Մանճիկյանի խոսքով՝ Էրդողանի վարչակարգն իր դավադրությամբ իրենց համար մշտապես սպառնալիք կհամարվի այնքան ժամանակ, մինչև նրանք բացահայտ հայտարարեն, որ Սիրիայում և նաև Քեսաբում վերջ են դնում ոտնձգություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում