Արցախում տասնյակ միլիարդ դրամի ներդրումներ ընդգրկող ծրագիր են իրականացնելու

Արցախում տասնյակ միլիարդ  դրամի ներդրումներ ընդգրկող ծրագիր են իրականացնելու

Արցախի Հանրապետության  վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ և ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին: Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը նախ այցելել է Թալիշի և Մատաղիսի դաշտեր, որտեղ մշակում է իրականացվում նաև կոոպերացիոն սկզբունքով:

Ծանոթանալով աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում կատարված աշխատանքներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ընթացիկ արդյունքներից:

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ տեղում տալով համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:

Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաև Մատաղիսում շվեյցարահայ գործարարի միջոցներով կառուցվող, սև խավիարի արտադրության համար նախատեսված ձկնաբուծարանում, որտեղ ձկնկիթի առաջին խմբաքանակն ընդունելու համար վերջին աշխատանքներն են կատարվում:

«Շուտով կմեկնարկի Արցախի տնտեսության հավակնոտ ծրագրերից մեկը, որն ընդգրկելու է տասնյակ միլիարդավոր դրամ ներդրումներ: Հատկանշական է, որ նմանատիպ խոշոր ծրագիրը կառավարության աջակցությամբ իրագործվում է սահմանամերձ բնակավայրում՝ խթանելով շրջակա գյուղերի արագ և կայուն զարգացումը»,– ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետին ուղեկցել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության»  հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում