Հայ սեյսմոլոգները նոր սարքով կինտեգրվեն միջազգային սեյսմիկ գիտացանցում

Հայ սեյսմոլոգները նոր սարքով կինտեգրվեն միջազգային սեյսմիկ գիտացանցում

Հայաստանը «Գառնիի երկրաֆիզիկայի դիտարան» պետական հիմնարկում տեղադրված սարքի շահագործմամբ կմասնակցի երկրաշարժերի ու դրանց նախորդող երևույթների դիտարկմանը: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Սեյսմիկ պաշտպանություն ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ու Լեռնային Ղարաբաղում գործում է 150 սեյսմիկ դիտակայան, և ծախսերը հիմնականում ուղղվել են այդ դիտակայանների պահպանմանն ու շահագործմանը: Գառնիի գիտական հետազոտությունների հիմնարկում տեղադրել ենք մի հատուկ սարք, ինչը հնարավորություն կտա ինտեգրվել միջազգային սեյսմիկ գիտացանցում, ունենալ հզոր կենտրոն, և մասնակցել դիտարկումների երկրաշարժերի ու դրանց նախարդող երևույթների ժամանակ: Այս տարի այդ կենտրոնը շահագործման կհանձնենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Վաչե Տերտերյանը:Դիտակայանները ժամանակակից տեխնիկական սարքերով վերազինման խնդիր ունեն, սակայն ընթացիկ տարում այդ կայանների հատկացումները ուղղված են պահպանման ու շահագործման ծախսերին:

«Այս տարի բյուջետային նման ռեսուրս նախատեսված չէ, մենք պետք է շարունակենք պահպանման ու շահագործման ծախսերը, բայց միջազգային համագործակցության շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ ունենք, որ այդ դիտակայանների մի զգալի մասում բարեփոխումներ իրականացվեն»,-նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով Հիդրոօդերևութաբանական ծառայություններին` Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ աշխատանքը կատարվում է 47 հիդրոօդերևութաբանական և 7 հիդրոլոգիական կայանների միջոցով:

«Ծառայությունը ինտեգրված է միջազգային ու հատկապես տարածաշրջանային ցանցերում: Այստեղ էլ հիմնական ծախսերն ուղղված են եղել պահպանմանն ու շահագործմանը: Որևէ առաջընթացի կամ վերազինման ծախսեր չեն ներառվել 2015-ի բյուջեում»,-նշեց պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում