Ստեփանավանի օդանավակայանն այս տարվա վերջին պատրաստ կլինի շահագործման

Ստեփանավանի օդանավակայանն այս տարվա վերջին պատրաստ կլինի շահագործման

Ստեփանավանի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման այս տարվա վերջին, սակայն հստակ չեն ժամկետները, թե երբ այն կսկսի շահագործվել: Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Եվ Կապանի, և Ստեփանավանի օդանավակայանների վերագործարկման առումով լուծվել են կազմակերպաիրավական բոլոր խնդիրները: Ստեփանավանում էլ արդեն ունենք փոքր անձնակազմ, որը սկսել է զբաղվել վերականգման աշխատանքներով: Մենք նախատեսել ենք, որ Ստեփանավանի օդանավակայանը, միգուցե կկարողանանք վերագործարկել այս տարի: Այս տարվա վերջին այն պատրաստ կլինի շահագործման, սակայն ես կդժվարանամ հստակ պատասխանել, թե այն երբ կսկի շահագործվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տերտերյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն այս հարցը քննարկում է նաև ՌԴ գործընկերների հետ: «Դուք տեղյակ եք, որ շատ շուտով իրականություն է դառնալու մի մեծ ծրագիր: Խոսքը հայ-ռուսական տարածաշրջանային խոշոր հումանիտար կենտրոնի բացման մասին է: Սա էլ շատ կարևոր հարց է: Հիմա մենք այդ հումանիտար կենտրոնի ամբողջ վերազինումն իրականացրել ենք, սպայական և գծային անձնակազմն արդեն կա: Հիմա մենք մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք տեխնիկական համալրման խնդիրները, և մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովին կներկայացնենք համապատասխան համաձայնագիրը: Սա իսկապես շատ խոշոր ծրագիր է, որի շնորհիվ մենք Հայաստանում ունենալու ենք տարածաշրջանային խոշոր հումանիտար կենտրոն»,- ասաց Տերտերյանը:

Փոխնախարարը կարծիք հայտնեց, որ ռուսները ևս պետք է շահագրգրված լինեն Ստեփանավանի և Կապանի օդանավակայանի արագ վերագործարկմամբ:

«Հատկապես աղետների կառավարման և հետևանքների վերացման պարագայում այս երկու օդանավակայանները սիստեմատիկ նշանակություն կունենան, քանի որ դրանք հնարավորություն կտան արագ ուժեր ներգրավել, տարհանում իրականացնել»,- եզրափակեց Վաչե Տերտերյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում