Կանենք ամեն ինչ, որ Արցախի ժողովրդի խաղաղ արարման տարածքը՝ ԼՂՀ-ն, ամբողջական մնա. Սեյրան Օհանյան

Կանենք ամեն ինչ, որ Արցախի ժողովրդի խաղաղ արարման տարածքը՝ ԼՂՀ-ն, ամբողջական մնա. Սեյրան Օհանյան

Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային ճանապարհով կարգավորման կողմնակիցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ԵՄ Արևելյան գործընկերության  Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրին, որում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Սա այն ճանապարհն է, որը կտանի երկխոսության և հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց նախարարը՝ նկատելով, որ հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև շփման գծում հրադադարի պայմանագրի իրականացմանը:

Այս համատեքստում  նախարար Օհանյանն ընդգծեց՝ ՀՀ-ն իր և Արցախի Հանրապետության անվտանգության խնդիրներն ապահովում է պատշաճ կերպով:

«Եթե մեզ հրահրեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա անպայման ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախի ժողովրդի խաղաղ արարման տարածքը, որն այսօր կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ շարունակեց նա՝ անդրադառնալով  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, թե  «Ադրբեջանի սպառազինվածության պայմաններում «1994թ. ստեղծված  անվտանգության գոտին արդեն իսկ բավարար չէ»:

Սեյրան Օհանյանը շեշտեց՝ անհրաժեշտության դեպքում կարող ենք  ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում