ԱԺ նախագահը կանադահայերին ներկայացրել է ԵՏՄ անդամակցությունից բխող օրենսդրական հփոփոխությունները

ԱԺ նախագահը կանադահայերին ներկայացրել է  ԵՏՄ անդամակցությունից բխող օրենսդրական հփոփոխությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-28-ը պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մայիսի 23-ին պատվիրակությունը հանդիպել է կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ կարեւորում է հայ համայնքի հետ շփումը, եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր այցելության ծրագիր կազմելիս մշտապես նախատեսվում են հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բոլոր հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը սիրով լսում է նրանց խնդիրներն ու մտահոգությունները եւ անհրաժեշտության դեպքում դրանք բարձրաձայնում տվյալ պետության իշխանությունների մոտ:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կատարվող օրենսդրական բարեփոխումները՝ նշելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո ընթանում են օրենսդրության համապատասխանեցման աշխատանքներ:

Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է կանադահայերին հետաքրքրող հարցերին:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում այժմ ստեղծվում է «Ընդդեմ ցեղասպանությունների» խորհրդարանական հանձնախումբ, որն էլ աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին դիմելու է համանման հանձնախմբեր ստեղծելու առաջարկով: ԱԺ նախագահի խոսքով՝ այս նախաձեռնությունը կնպաստի մեր երկրի, մեր ազգի արդարացի պահանջի լուծմանը. ըստ նրա՝ հենց այս ճանապարհով է հնարավոր հասնել հաջողության:

Գալուստ Սահակյանը հանդիպել է նաեւ Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է հանդիպել Երեւանի քույր քաղաք Մոնրեալի քաղաքապետի հետ եւ քաջատեղյակ է Երեւանի ու Մոնրեալի քաղաքապետերի արդյունավետ համագործակցությունից:

Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ տպավորված է Մոնրեալում տեղի ունեցած բազմահազարանոց երթից, որի մասնակիցները դուրս էին եկել փողոց՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը:

Մոնրեալի քաղաքապետը կարեւորել է Երեւանի ու Մոնրեալի բարեկամական փոխհարաբերությունները եւ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը եւ Մոնրեալի քաղաքապետը շրջել են քաղաքապետարանի բակում, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում պատրաստվել է անմոռուկ՝ համապատասխան գրառմամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Մոնրեալի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին: Այնուհետեւ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդարան եւ մասնակցել Սուրբ պատարագի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում