Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ՀՀ-ԵՄ հարաբերությունները կթևակոխի նոր փուլ. Չեխիայի դեսպան

Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով  ՀՀ-ԵՄ հարաբերությունները կթևակոխի նոր փուլ. Չեխիայի դեսպան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է պարոն Միկիսկային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Չեխիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ, ինչի իրացման գործում վարչապետը կարևորել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, բիզնես ֆորումների անցկացումն ու գործարար կապերի սերտացումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել չեխական կողմին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:

Դեսպան Միկիսկայի խոսքով՝ Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը և առևտրատնտեսական կապերի խորացումը: Պարոն Միկիսկան վստահություն է հայտնել, որ կան մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և ներդրումներ ներգրավելու համար:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հայ-չեխական համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին մասին՝ Պետր Միկիսկան վստահություն է հայտնել, որ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով փոխշահավետ համագործակցությունը կթևակոխի նոր փուլ և կարձանագրվեն ձեռքբերումներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-չեխական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում