Լիլի Սամվելի անհատական ցուցահանդեսն այս անգամ Սանկտ Պետերբուրգում (ֆոտո)

Լիլի Սամվելի  անհատական ցուցահանդեսն այս անգամ Սանկտ Պետերբուրգում (ֆոտո)

Մայիսի 24–ին Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ աբստրակցիոնիստ Լիլի Սամվելի անհատական ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Ստ. Պետերբուրգի հայ  համայքնի ղեկավար Կարեն Մկրտչյանը, տեղաբնակ նկարիչներ, արվեստաբաններ և պարզապես նկարչուհու արվեստով հետաքրքրվող անձիք։

Ցուցահանդեսը կրում էր «հակադրությունների ապրումակցում» խորագիրը, որի բովանդակային փակագծերը  Լիլի Սամվելը բացեց մեզ հետ զրույցում.

«Այս ցուցահանդեսը նախորդների շարունակությունն է և երկու ուղերձ է ամփոփում իր մեջ. Առաջին՝ ցանկացած լեզվում կան հոմանիշներ և հականիշներ, հետևաբար կան այդ բառերին համապատասխանող երևույթներ։ Իմ նկարներում դրանց պատկերային արտահայտումն է։ Հակադրությունների միաձուլումից է կազմված մեր ամբողջ կյանքը՝ գիշերն ու ցերեկը հաջորդում են միմյանց,  կյանքին հաջորդում է  մահն ու հակառակը: Կամ՝ պատերազմին հաջորդում է խաղաղությունը,  ատելությանը՝ սերը, տառապանքին՝ երջանկությունը, երաշտից հետո  անձրև է լինում… և այսպես առանց իրար գոյություն չունեցող և, գուցե իրար համար ստեղծված, երևույթների համադրությունն եմ ստեղծում իմ արվեստում։

Երկրորդ ուղերձն այն է, որ հեղինակի ստեղծագործությունն ընկալելու ճանապարհին մարդն ակամա (գիտակցաբար կամ անգիտակցորեն) փորձում է ապրումակցել նրան, նայել ստեղծագործողի աչքերով: Հենց այդ խորաթափանց և միևնույն ժամանակ առեղծվային իրավիճակի ժամանակ էլ տեղի է ունենում փոխադարձ հասկացում՝ նկարչի ստեղծագործության և դիտողի ընկալումների միջև։ Դիտողն այսպես ասած՝ բնութագրելով  ստեղծագործությունը՝ ընդլայնում է դրա բովանդակությունը և ստեղծվում է փոխադարձ կապ՝ նկարչի մատուցածի, նրա իմաստավորման և դիտողի ընկալման միջև»:

Հավելենք, որ սա Լիլի Սամվելի երրորդ անհատական ցուցահանդեսն էր, նախորդ երկուսը տեղի են  ունեցել Երևան քաղաքում, իսկ 2014թ.-ին Ստ. Պետերբուրգի նկարիչների միությունում նկարչուհին մասնակցել է  նաև խմբային ցուցահանդեսի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում