Մասնագետները խորհուրդ են տալիս պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել

Մասնագետները խորհուրդ են տալիս պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել

Արարատյան հարթավայրում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված` բարենպաստ պայմաններ են ստեղծվել հատկապես պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:

Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ է կատարել բուժումներ միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների և վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում