Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ ԵԲԿՏ երևանյան գագաթաժողովին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ ԵԲԿՏ երևանյան գագաթաժողովին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաշխարհային կրթական նորությունների առաջատար կայքերից մեկը` universityworld news.com-ը, իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գագաթաժողովի որոշումներին, Երևանյան կոմյունիկեին, Բելառուսի անդամակցության հարցին` երևանյան քննարկումները և որոշումները դիտարկելով որպես կարևոր ձեռքբերում` բարձրագույն կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու առումով: Լրատվամիջոցն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանին, «որը լինելով ԵԲԿՏ-ի ամենափոքր երկիրը և գտնվելով աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում` խիզախաբար իրականացրեց ինչպես ԵԲԿՏ-ի քարտուղարության ղեկավարությունը, այնպես էլ գագաթաժողովի կազմա կերպման խնդիրը, որի վկայությունն էր մասնակից նախարարների լուրջ քանակը:

Հայաստանը երաշխավորեց բոլոր անդամ երկրների, այդ թվում` իր հարևան Ադրբեջանի մասնակցությունը, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Անգամ հարևան Թուրքիան էր ներկա` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակման հետևանքով դիվանագիտական իր համար դժվար այս տարում»:

Միաժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է նամակներ ստանալ մասնակից երկրների նախարարներից, պատվիրակության ղեկավարներից և եվրոպական բուհերի ռեկտորներից, որոնցում վերջիններս իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են արտահայտում միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում