Կինոյի մասին օրենքը կնպաստի կինոոլորտում ներդրումների ներգրավմանը

Կինոյի մասին օրենքը կնպաստի կինոոլորտում ներդրումների ներգրավմանը

«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նպատակը կինոոլորտի կանոնակարգումն է, և Հայաստանում կինոարտադրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 26-ին նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Օրենքի մշակման նախաձեռնությունը ՀՀ Նախագահինն էր, ում հանձնարարությամբ նախարարությունը համապատասխան հանձնաժողով ստեղծեց: Հաճախ հարց է հնչում, թե ինչու ենք առաջինը կինոյի օրենքի մասին մտածում: Վերջին տարիներին կինոարտադրությունը Հայաստանում բավական զարգացում է ապրել: Համատեղ կինոարտադրություն է ակտիվ ձևով իրականացվում Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ մեր պրոդյուսերներն ու կինոարտադրողները լայն կապեր են ձեռք բերել, և համատեղ արտադրության դեպքում պահանջվում է, որ ՀՀ-ում կինոն օրենքով կարգավորված լինի: «Հայաստանում կինովարձույթը և ցուցադրությունը պետք է կարգավորվեն: Մեր հանձնաժողովը մշակել է օրենքի նախագիծ, որը փորձաքննության փուլում է: Հանձնաժողովում մեր կինոոլորտի բոլոր ներկայացուցիչներն են»,- ընդգծեց Արթուր Պողոսյանը:

Նա հավելեց, որ հանձնաժողովի կազմում են կինոարտադրողներ, պրոդյուսերներ, Հայաստանի կինոգործիչների միության ներկայացուցիչներ: Նախարարությունը նախատեսում է օրենքի նախագծի հանրային լսումներ իրականացնել: Փոխնախարարի խոսքով՝ իրենք նաև փորձելու են հարկային արտոնություններ տրամադրել կինոարտադրողներին:

«Միայն մի փաստ նշեմ: Միջազգային մի շարք երկկողմ պայմանագրեր կան, որոնք չենք կարող ստորագրել, որովհետև նախապայման է կինոոլորտի կարգավորված լինելը: Իսկ այդ պայմանագրերը կինոոլորտում բավականին լուրջ ներդրումներ կարող են ապահովել»,- շեշտեց Պողոսյանը:

Ըստ նրա՝ մեր երկրում երկու պետական կինոարտադրող կառույց կա՝ «Հայֆիլմ» կինոստուդիան և Հայաստանի ազգային կինոկենտրոնը, իսկ մնացած կինոարտադրող կազմակերպությունները ոչ պետական են, և անհրաժեշտ է խթանել, որ իրենք էլ ֆիլմեր ստեղծեն:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ մարտին տեղի է ունեցել «Կինոյի մասին» օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում