Ցուցարարներն այսօրվա և վաղվա Հայաստանի պայծառ ապագան են. Կարեն Քոչարյան

Ցուցարարներն այսօրվա և վաղվա Հայաստանի պայծառ ապագան են. Կարեն Քոչարյան

Հայաստանյան իրադարձությունները չպետք է քաղաքականացնել: Շարժումը միայն սոցիալական բնույթի է, որովհետև այն կպնում է բոլորի գրպանին: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը: Փորձագետն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդներին համարում է այսօրվա և վաղվա Հայաստանի պայծառ ապագան: «Ցուցարարները, ինձ համար, այսօրվա և արդեն վաղվա պայծառ ապագան են: Նրանք հավասարակշռված են, որևէ սադրանքի չտրվող, պայքարող տեսակ են: Նորմալ է, որ կա անփորձություն, որը ժամանակի հետ կշտկվի, որովհետև մնացած ամեն ինչ ունի երիտասարդությունը»,- ընդգծել է նա :

Կարեն Քոչարյանը ցուցարարների հիմնական սխալը համարում է այն, որ նրանք չընդունեցին նախագահի հրավերը: «Միգուցե գային ընդհանուր հայտարարի, միգուցե նրանց ասեին, թե ինչպես կարելի է բեկանել այդ որոշումը»,-նկատել է բանախոսը: Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, որ պետք է փորձեն լսել միմյանց և փորձել ինքնակազմակերպվել:

Փորձագետը կոչ է արել ակցիայի մասնակիցներին՝ ընդունել իշխանությունների հետ հանդիպելու հրավերը, եթե իշխանությունն այսօր էլ պատրաստ լինի ընդունելու ցուցարարներին: «Անպայման թող ընդունեն և հանդիպեն, գոնե հասկանան, թե ինչ է ասում իշխանությունը՝ ի դեմս նախագահի, ինչ առաջարկներ ունեն, ոնց պայքարեն, որ վաղը կամ մյուս օրը, ասենք, մայթի վրա կարմիր գծեր չգծեն և ասեն վրայով քայլելու համար պետք է վճարեք կամ ասեն, որ մատներիցս հոտ ենք քաշել եւ որոշել, որ գազի սակագինը պետք է այսքան լինի, կամ այսուհետեւ օդը փողով եք շնչելու»,- կես կատակ, կես լուրջ ասել է նա:

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, եթե չլինի այս պայքարը, եթե չլինի հայի՝ Հայաստանում նորմալ, այլ ոչ թե որպես վեցերորդ սորտի մարդ ապրելու իրավունքը, ապա այդ հայի գլխին ինչ ասես կարող են անել, և նա կամ պետք է հաշտվի այդ մտքին, կամ թողի ու հեռանա:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի մասնակցությանն այս շարժմանը, ապա քաղաքական տեխնոլոգիաների փորձագետը կրկին անգամ շեշտադրում է՝ քաղաքական ուժերը կսպասեն՝ տեսնելու, եթե կրիտիկական զանգված առաջանա, ապա կփորձեն «վերմակը քաշել» իրենց վրա, եթե չլինի՝ կփորձեն խուսափել: «Այս երիտասարդության ուժը նաև նրանում, որ փորձեցին չթողնել քաղաքական ուժերին ներգրավվել շարժմանը: Մի կողմից՝ բրավո, մյուս կողմից՝ կար պրոբլեմ: Ինչքան էլ փչացած լինեն այսօրվա քաղաքական ուժերը, այնուամենայնիվ, նրանք ունեն այնպիսի բաներ, որոնք չունեն երիտասարդները` փորձ, կազմակերպչական ջիղ և այլն»,- ասել է Կարեն Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում