Ռուսական ԶԼՄ-ն ապարդյուն մայդան են փնտրում Բաղրամյան պողոտայում

Ռուսական ԶԼՄ-ն ապարդյուն մայդան են փնտրում Բաղրամյան պողոտայում

Ծիրանային հեղափոխություն, էլեկտրոմայդան, մայդան, բնորոշումներ, որ կարելի է գտնել ռուսական և տարածաշրջանային ԶԼՄ-ի առաջին էջերում: Այս օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները թեժ քննարկումների առիթ են դարձել միջազգային տեղեկատվական դաշտում, մի շարք լրագրողների ցնցող ռեպորտաժներ և հոդվածներ գրելու պատրվակով շտապել են Հայաստան, սակայն քողարկելու համար իրենց մեծ հիասթափությունը, հաճախ անտեսելով լրագրողական էթիկան, ներկայացնում են իրականության հետ աղերսներ չունեցող տեղեկատվություն:

Այս տեսակետից հատկապես առաջատարներն են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հասարակական նախաձեռնության մեջ քաղաքական հետքեր են փորձում գտնել: Հաճախ շրջանառվող տեսակետերից է, որ ցույցը հրահրվում է ամերիկյան և արտաքին այլ ուժերի կողմից, ցուցարարները պատրաստվում են հեղափոխություն իրականացնել և որ ցույցն ուղղված է Ռուսաստանի դեմ: Նման խայտառակ ռեպորտաժներից մեկի հեղինակն է Россия 24-ը, որը հարուցեց ցուցարարների զայրույթը: Ընդհանուր առմամբ, նման տրամադրություններ իշխում են ռուսական մամուլի գրեթե բոլոր հրապարակումներում: Օրինակ` ռուսական Взгляд թերթում տեղ է գտել «Հայաստանի ցույցերն ապագայում կարող են հակառուսական ուղղվածություն ստանալ» հոդվածը, որտեղ հոդվածագիրը հիշեցնում է Հայաստանում մութ ու ցուրտ տարիների առկայությունը, և համաձայան ռուսական քարոզչության լավագույն ավանդույթների, մատնանշում, որ ՌԴ-ն Հայաստանին դուրս բերեց այդ վիճակից, և որ «ուրացող» հայերը ներկայումս համարձակվում են բողոքել: 
Հնչել են նույնիսկ այնպիսի տեսակետեր, երբ հունիսին ցույցերի անցկացումը կապում են փետրվարին ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի Երևան կատարած այցի հետ: «Նուլանդը Երևան է ժամանել փետրվարին, հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա հեռանում է, և անմիջապես հետո սկսվում է այս պատմությունը»:

Ի տարբերություն նման մեկնաբանությունների օրինակ Ria Novosti-ի ուկրաիանական բաժնում հայտնվեց Հայկ Խալաթյանի մեկնաբանությունը, ով, բավարար հիմքերի բացակայության պատճառով, կտրականապես հերքեց մայդանային սցենարի կրկնությունը Հայաստանում :

Ինչո՞ւ Հայաստանը դուրս եկավ իր մայդան ԶԼՄ-ն ընդհանրություններ են գտել Հայաստանի ցույցերի և մայդանի իրադարձությունների միջև ,Երևանի ցույցերը և Մայդանը. ընդհանրություններն ու տարբերությունները, Ո՞ւմ է շահեկան Հայաստանի էլեկտրամայդանը  և նմանատիպ բովանդակությամբ հոդվածներ կարելի է հանդիպել ռուսական ամեն երկրորդ ԶԼՄ-ում, սակայն քչերն են անդրադառնում խնդրի բուն էությանը, քչերն են մեղադրում ռուսական ընկերությանը վատ մենեջմենթի մեջ, քչերն են խոսում կամ գրեթե չեն խոսում ռուսական կողմում կադրային փոփոխություններ կատարելու մասին, քչերն են խոսում, որ Հայաստանում ցածր աշխատավարձերի առկայության պայմաններում մեկ տարվա ընթացքում 40 տկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել շղթայական թանկացումների նոր ալիքի, ինչ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հայկական տնտեսության վրա: Ռուսական հասարակությունը, որի համար խորթ են սոցիալական և այլ տեսակի խնդիրները հասարակական պահանջատիրությամբ լուծելու ուղիները, խեղաթյուրում են իրականությունը և ԶԼՄ-ով բացարձակ ապատեղեկատվություն տարածում: Բնականաբար, ռուսական քարոզչությունը չի ցանկանում դուրս գալ հայի «փրկիչը» լինելու կաղապարներից և տեսնել սեփական կադրային սխալները, մեղադրել և պատասխանատվության ենթարկել ռուս պաշտոնյային, ում գործունեությունը կարող է թանկ արժենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ուկրաինան, որը դեռևս խնդիր ունի սեփական հասարակությանն ապացուցելու մայդանի արդյունավետությունը տեղեկատվական հոսքում փորձում է հրահրել և ոգեշնչել Հայաստանին սեփական մայդան ունենալու գաղափարով: Այս կապակցությամբ Ուկրաինայի ներքին գործերի նախարար, հայազգի Արսեն Ավակովը կոչ է արել հայերին օրինակ վերցնել մայդանից և չընկրկել: Որպես շարժման հետ սոլիադրության դրսևորում Վրաստանում ևս այսօր բողոքի ցույց կանցկացվի: Հասկանալի է, որ մեր հարևան երկրում ևս հակառուսական մղումներն են ստիպել կանգնել հայ ժողովրդի պայքարի կողքին:
Փոխարենը արտասահմանյան ամենահեղինակավոր պարբերականներում կարելի է հանդիպել բավականին օբյեկտիվ դիտարկումներ The Guardian,  Poreign Policy,  The New York Times , BBC Al Jazerra  և միջազգային այլ հեղինակավոր լրատվամիջոցների հոդվածագիրները Հայաաստանում գունավոր հեղափոխության հետքեր չեն փնտրում, պարզապես լուսաբանում են իրականությունն այնպիսին, ինչպիսի որ կա` ցույց ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Բաղրամյան պողոտայում ծածանվում են միայն Հայաստանի դրոշները, չկան քաղաքական պահանջներ, չկա արտաքին քաղաքականության մասին որևէ լոզունգ, չկան առաջնորդներ, շարժման մեջ բոլորն են առաջնորդ հետևաբար չկա նաև մայդան: Բաղրամյան պողոտայում գիտակից հայ քաղաքացիներ են, ովքեր գիտեն պաշտպանել իրենց իրավունքները, ովքեր մտահոգ են իրենց երկրի համար, ովքեր համոզված են, որ պայքարն է արդյունք տալիս, ինպես որ եղավ երկու տարի առաջ Վճարում են հարյուր դրամ նախաձեռնության շրջանակներում: Թո՛ղ, ամենք ոք պղտոր ջրում իր ձուկը որսա, դրանից պայքարի բովանդակությունը չի փոխվելու և ոչ էլ սադրիչներն են ավելանալու, քանի որ ՀՀ քաղաքացին այսօր հստակ գիտի` ինչ է ուզում և այդ ամենը չի թելադրվում, ղեկավարվում կամ կարգավորվում արտաքին ուժերի կողմից: Սա գիտակից հասարակության գիտակից պայքար է:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում