ԵԽԽՎ-ն արցախյան հարցը ներկայացնում է հիմնականում ադրբեջանական պրիզմայով

ԵԽԽՎ-ն արցախյան հարցը ներկայացնում է  հիմնականում ադրբեջանական պրիզմայով

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի հիման վրա օրերս ընդունվեց Լենային Ղարաբաղի մասին հերթական բանաձևը: Երկար տարիների ընդմիջումից հետո հայկական կողմին հաջողվեց զեկույցի բովանդակությունից դուրս հանել ոչ հայանպաստ դիրքորոշումները:

Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ի անդամ են դարձել 2001թ-ի հունվարին, սակայն այն որպես հարթակ չէր ծառայում Արցախյան հիմնախնդրի բարձրացման համար: Իրավիճակը փոխվեց, երբ Ադրբեջանում իշխանությունը ժառանգեց Իլհամ Ալիևը, ով էլ սկիզբ դրեց խավիարային դիվանգիտության լավագույն ավանդույթներին: Ծախսված գումարներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: 2005թ. Հունվարին ԵԽԽՎ պլենար նիստում «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը» անունը կրող զեկույցի հիման վրա ընդունվեց 1416 բանաձևը: Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ բանաձևից (15 կետ) և հանձնարարականից (10 կետ): Արցախին առնչվող բանաձևերից, սա առաջին էր Իսլամական պետությունների կոնֆերնաս կազմակերպության ընդունած բանաձևերից հետո, երբ Հայաստանը ճանաչվում էր որպես զավթիչ պետություն: Զեկույցում կային մի շարք ձևակերպումներ, որոնք իսկապես անըդնունելի էին հայկական կողմի համար: Մասնավորապես` բանաձևի առաջին կետում նշվում էր «Ադրբեջանի տարածքի զգալի հատվածներ դեռևս գրավված են հայկական ուժերի կողմից, և անջատողական ուժերը դեռևս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»: Երկրորդ կետում նշվում է, որ ռազմական գործողությունները և դրանց նախորդող էթնիկական թշնամանքը հանգեցրել են էթնիկական հատկանիշով լայնածավալ արտաքսումների ու մոնոէթնիկ տարածքների ստեղծմանը: Այսպիսի ձևակերպումը նմանվում է «էթնիկական զտում» հասկացությանը, որը իրականության հետ աղերսներ չունի: Բանաձևում կար նաև կետ, որտեղ Ադրբեջանի կառավարությունը պետք է վերջ տա ռազմատենչ հայտարարություններին և առանց նախապայմանների շփումներ հաստատի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երկու համայնքների քաղաքական ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանի ապագա կարգավիճակի առնչությամբ: ԵԽԽՎ-ն նման բանաձևի ընդունումը հիմնավորում էր, որ այն կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, սակայն փաստացի Ադրբեջանն այս բանաձևի միջոցով կարողացավ միջազգային հանրության ուշադրությունը շեղել հակամարտության բուն էությունից՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցից՝ խնդիրը հանգեցնելով գրավված տարածքների ազատագրմանը և փախստականների վերադարձին: Այս չարաբաստիկ բանաձևը նոր շունչ ստացավ ԵԽԽՎ-ում, երբ այդ կառույցի նախագահ դարձավ Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, ով իր նախագահությունը ծառայացրեց ի նպաստ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը: Վերջինս, հղում կատարելով 1416 բանաձևի 5-րդ կետին ԼՂ հարցերով ենթահանձնաժողով ստեղծեց:

Աթկինսոնի զեկույցից բխող բանաձևի վտանգավորության մեկ այլ ապացույց դարձավ ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմնում՝ Եվրախորհրդարանում, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցը, որի հիման վրա ընդունվեց թիվ 2216 բանաձևը: Այն պահանջում էր հայկական բոլոր զորքերի դուրսբերում (8-րդ կետ) և նշում էր Թուրքիայի դերակատարության կարևորությունը տարածաշրջանային հակամարտություններում (39-րդ պարբերություն):

ԵԽԽՎ-ի հաջորդ հայտարարությունը, որը կրկին հակահայկական արտահայտություններ էր բովանդակում 2012թ-ի հունվարին էր, որը հղում կատարելով 1416 բանաձևին, կոչ էր անում անհապաղ լուծել փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրը:
Այսպիսով, ԵԽԽՎ-ում ընդունված մեկ հակահայկական բանաձևը դարձավ շղթայական ընդունված մի շարք բանաձևերի նախահիմքը, որը չեզոքացնելն այնքան էլ հեշտ չէ, սակայն վերջերս մեր խորհրդարանական դիվանագիտության ներդրած ջանքերն ապացուցեց, որ անհնարին ոչինիչ չկա:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում