Թուրքիան վերանվաճում է Բալկաններում իր ազդեցությունը

Թուրքիան վերանվաճում է Բալկաններում իր ազդեցությունը

«Մենք առանց Թուրքիայի չենք կարող լուծել որոշ խնդիրներ: Դա միանշանակ է: Այսպիսով, կարիք ունենք խոսել Թուրքիայի առաջնորդության մասին»-, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեյմի Շեան:Հունիսի 26-ին կայացած կոնֆերանսի ժամանակ Շեան նշել է, որ Բալկանները պետք է գլխավորի Թուրքիայի առաջնորդության ցուցակը: Վերջինս մատնանշել է, որ տարածաշրջանը լճացման մեջ է գտնվում, և քանի որ Հունաստանն ինքն է թաթախված խնդիրների մեջ, Թուրքիան, օգտագործելով Բալկանների հետ իր ավանդական կապերը, պետք է փորձի առաջ տանել տարածաշրջանը:

Բալկանները, լինելով աշխարհի ամենապայթունավտանգ տարածաշրջաններից մեկը, վերջին մի քանի տարում կարծես վերագտնում է կորսված խաղաղությունը: Այստեղ դեռ թարմ է Օսմանյան կայսրության դարավոր տիրապետության մասին հուշերը, սակայն դա չի խոչընդոտում, որպեսզի Թուրքիան կրկին ներթափանցի տարածաշրջան և հետզհետե հեգեմոն դիրքեր զվաղեցնի: Իսկ այդ ամենին նպաստում են նաև արտաքին բարենպաստ պայմանները: Պատմությունն ապացուցում է, որ Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման պարագայում սովորաբար հաղթող է դուրս գալիս Թուրքիան, որը ոչ միայն կարողանում է հավասարակշռված հարաբերություններ պահել երկու կողմերի հետ էլ, այլև խաղից դուրս գալ լրացուցիչ օգուտներով: Կրկնվող պատմության նորօրյա դրսևորումը կարելի է տեսնել Բալկաններում: Մինչ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները տարբեր ճակատներում լարված են, Թուրքիան, ստանալով ԱՄՆ-ի հովանավարությունը, շտապում է լրացնել աշխարհաքաղաքական այն վակոումը, որն առաջացել է կենսական կարևորություն ունեցող տարածաշրջանում: Բալկանները, ոչ միայն Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի աշխարհագրական հատման խաչմերուկն է, այլև ՌԴ-ի Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերի բախման օջախը: Ներկա պահին ԵՄ-ի ներսում առկա ճգնաժամը թույլ չի տալիս այդ ուժին պատշաճ ուշադրություն դարձնել Բալկաններին, ԱՄՆ-ն Կոսովոյի անկախության հռչակումից հետո դադարեցրել է իր ակտիվ առաքելությունը տարածաշրջանում և առաջնություն է տալիս այլ տարածաշրջաններում առկա խնդիրներին, ՌԴ-ն չնայած զբաղված է այլ խնդիրներով, սակայն Բալկանները մեծ կարևորություն ունեն այդ պետության համար հատկապես դեպի Եվրոպա էներգետիկ փոխադրումներ կատարելու տեսանկյունից, իսկ Թուրքիան, չնայած Մերձավոր Արևելքում առկա սուր իրավիճակին, չի ցանկանում կորցնել ստեղծված նպաստավոր պահը և ձեռքից բաց թողնել Բալկաններում տարածաշրջանային հեգեմոնություն հաստատելու հնարավորությունը:

Շատերը որակում են, որ Թուրքիայի այս մղումը մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից, ով Արևելյան Եվրոպայում առաջատար դիրքերը զիջել է Գերմանիային և ցանկանում է Թուրքիայի միջոցով  «փոքրիկ ԱՄՆ» ստեղծել Բալկաններում և հակազդել ռուսական ներկայությանն այս պայթունավտանգ տարածաշրջանում: Արդյունքում, Թուրքիան ոչ միայն դառնում է Բալկաններում ԱՄՆ-ի կամակատարը, այլ ընդհակառակը` այդ քողարկման ներքո իր սեփական խաղն է տանում: 2002թ-ին Թուրքիայում իշխանության եկած Արդարություն և զարգացում կուսակցության արտաքին քաղաքականության օրակարգում նեոօսմանիզմի քաղաքականությունն իր ուրույն տեղն ունի, որը, եթե հակիրճ ներկայացնենք, իրենից ենթադրում է նախկին օսմանահպատակ տարածքների վրա ազդեցության վերականգնում: Այդ տարածքների թվում են նաև Բալկանները, որը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս Թուրքիայի համար դեպի Եվրոպա տանող բանալին է: Թուրքիան Բալկաններին սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել սկսած 2009թ-ից, երբ Ահմեդ Դավութօղլուն դարձավ Թուրքիայի արտգործնախարար: Մինչ այդ Թուրքիան իր զինանոցում օգտագործում էր տարածաշրջանային հակամարտություններին միջամտությունը: 1995թ-ին Թուրքիան մասանկցում էր ՆԱՏՕ-ի բոլոր օպերացիաներին` IFOR և SFOR-ը Բոսնիա և Հերցեգովիանայում, KFOR-ը` Կոսովոյում և Essential Harvest, Amber Fox-, Allied Harmony 11-ը` Մակեդոնիայում: Որոշ փորձագետներ գտնում են, որ Վաշինգտոնը պատրաստ է Անակարային փոխանցել ռազմաբազայի և Եվրոպայի այդ մասին վրա վերհասկողությունը: 2010թ-ից սկսած Թուրքիան տարածաշրջանային կոնֆլիկտներում մասնակցում էր ոչ միայն խաղաղարարի, այլ նաև հաշտարարի դիրքերում, որը ևս Դավութօղլուի նախաձեռնությունն էր: Թուրքիայի բալկանյան քաղաքականությունը ձևավորվում էր տարածաշրջանային մենաշնորհի և ներթափանցման միջոցով, որն էլ հիմնված էր չորս հենասյուների վրա` բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, անվտանգություն բոլորի համար, առավելագույն տնտեսական ինտեգրացիա և տարածաշրջանի բազմէթնիկ, բազմամշակութային և բազմակրոն հասարակական կառուցվածքի պահպանում:

Առաջին գործնական քայլը, որ կատարեց Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետը, Արևմտյան Բալկանների բոլոր երկրների հետ ոչ վիզային ռեժիմի սահմանումն էր, հետագայում նաև ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը:
Սարաևոյում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ Դավութօղլուն Բալկաններն անվանեց Թուրքիայի անվտանգության համար աշխարհաքաղաքական բուֆերային գոտի: «Այսօր Անկարայի նպատակը ոչ միայն մուսուլմանական Բալկաններ ներթափանցելն է, այլ նաև Մակեդոնիա, Չերնոգորիա, Սերբիա և Խորվաթիա, որոնց բնակչության մեջ մուսուլմաններ են համապատասխանաբար` 33,3%, 17,7%, 3,2%, 1,3%-ը »:

Դավութօղլուի խոսքերը գործնական կիրառություն ստացան, և Թուրքիան բոլոր ճակատներով` տնտեսական, քաղաքական, մշակութային գրոհեց դեպի արևմուտք: Վերջին տասնամյակում Թուրքիայի և Արևմտյան Բալկանների տնտեսական կապերն էականորեն մեծացել են: Ընդհանուր ներդրումներն աճել են 530%-ով, իսկ առևտրաշրջանառությունը` 535%:

Թուրքիան ներդրումներ կատարեց տարածաշրջանի ենթակառուցվածքային կարևոր նշանակություն ունեցող նախագծերում, թուրքական ավիաուղիները գնեցին Բոսնիայի և Հերցեգովինայի ավիաուղիները, Ալբանիայի հեռահողորդակցության ոլորտը, բանկային արդյունաբերությունը Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովիանյում, Բուլղարիայում, Հունաստանում, Բոսնիա և Հերցեգովինայի էներգետիկ սեկտորը, Բուլղարիայի ավտոմոբիլային արտադրությունը, Բոսնիա և Հերցեգովինայի ռազմական արդյունաբերությունը, Ալբանիայի և Կոսովոյի բժշկական ոլորտը, Մակեդոնիայի սննդային արդյունաբերությունը և մի շարք այլ ոլորտներում:

Բացի տնտեսական գործոնից Թուրքիան հմտորեն օգագործում է կրոնական նմանությունները որոշ բալկանյան երկրների հետ և փորձում փափուկ ուժի գործադրմամբ փորձել մոռացնել տալ օսմանյան դաժան տիրապետության հետքերը և շեշտը դնել ընդհանուր մշակութային ժառանգության վրա: Այս ուղղությամբ Թուրքիայի ձեռնարկած միջոցառումների թվում հարկ է փաստել, որ Բալկաններում մեծ ազդեցություն ունեն թուրքական հեռուստաալիքները, որտեղ քարոզվում է թուրքական կենցաղավարությունն ու ապրելաոճը, Բոսնիա Հերցեգովինայում, Կոսովոյում և Ալբանիայում հիմնվել են բազմաթիվ թուրքական համալսարաններ ու դպրոցներ, որոնք մեծ հեղինակություն են վայելում, Ալբանիայում հնարավորություն կա անվճար թուրքերեն սովորելու, Սերբիայում, Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայիում, Բոսնիա Հերցեգովինայում ստեղծվում են մշակութային կենտրոններ և վերականգնվում են օսմանյան ժամակաշրջանի հուշարձանները, աջակցություն է հատկացվում այնտեղ բնակվող թուրք փոքրամասնությանը:

Չնայած այս ամենին Բալկաններում սկեպտիկորեն են վերաբերվում Թուրքիայի մտադրություններին: Համաձայն Gallup-ի անցկացրած հարցումների, Սերբիայում բնակչության միայն 15 տոկոսն է Թուրքիային համարում բարեկամական երկիր, իսկ իսլամադավան երկրներում այդ ցուցանիշը հասնում է 40%-ի:

Չնայած վստահության նման ցածր ցուցանիշի, թուրքական ներդրումները հետևաբար նաև ազդեցության ընդլայնումը գրկաբաց է ընդունվում Բալկաններում: Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պայմաններում, երբ Արևմուտքը կուրորեն փորձում է թուլացնել ՌԴ-ի դիրքերը աշխարհի գրեթե բոլոր հատվածներում, այդ թվում նաև Բալկաններում, Թուրքիան մեծացնում է ազդեցության իր չափաբաժինը, որը հետագայում հնարավոր է շուռ գա ԵՄ-ի դեմ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում