Փոխվարչապետ. «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ սակագնի օբյեկտիվ հաշվարկ լինի, իսկ տեղեկատվությունը տրամադրվի հանրությանը»

Փոխվարչապետ. «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ սակագնի 
օբյեկտիվ հաշվարկ լինի, իսկ տեղեկատվությունը տրամադրվի հանրությանը»

«Հայլուրին» հյուրընկալված փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցրել է, որ էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումները, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությանը և ՀԷՑ-ում տիրող վիճակին, կլինեն թափանցիկ, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հասանելի բոլորին: «Երկու խորհրդատվություն է լինելու: Մեկը ՀԷՑ-ին աուդիտի ենթարկելն է. արդյոք կա՞ն վատնումներ, չարաշահումներ, թե՞ չկան: Երկրորդը ավելի շատ վերաբերում է կարգավորողի՝ ՀԾԿՀ-ի գործունեությանը . արդյոք հանձնաժողովը ճի՞շտ է կատարել հաշվարկները և իր առջև դրված խնդիրները»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Վ. Գաբրիելյանն ընդգծել է, որ կառավարությունը աուդիտի անցկացման ամբողջ ընթացքում 6,93 դրամի բեռը վերցնելու է իր վրա, բայց եթե եզրակացությամբ նշվի, որ թանկացումն օբյեկտիվ չէր, ապա ՀԷՑ-ին տված գումարները հետ է վերցնելու:

«Միանշանակ, կարող եմ հայտարարել, որ դրա արդյունքում ոչ մի սոցիալական կամ այլ ծախս չի կրճատվի»,- ասել է նա: Ինչ վերաբերում է էներգետիկ համակարգի խնդիրներին, ապա դրանք, ըստ Գաբրիելյանի, միշտ էլ կառավարության ուշադրության կենտրոնում են եղել, պարզապես, վերջին զարգացումները բերեցին նրան, որ ոլորտի վերաբերյալ հանրային քննարկումները այսուհետ լինեն շատ ավելի մանրամասն և համապարփակ:

Փոխվարչապետը հայտնել է նաև, որ ՀԾԿՀ որոշումը քննարկվելու է երկու տեսանկյունից. արդյոք ճիշտ էին հաշվարկները և որոնք կլինեին սակագինը չթանկացնելու հետևանքները: «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օբյեկտիվ հաշվարկ լինի և տեղեկատվությունը տրամադրվի հանրությանը: Մեծ ուրախությամբ կընդգրկենք փորձագետների, հանրային մեծ ակտիվություն ցուցաբերող երիտասարդների, որ վստահությունն ամրապնդվի: Սա կարևոր է, որպեսզի ինքնակազմակերպում տեղի ունենա, առաջ գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն ծանրության այդ բեռը»,- եզրափակել է Վ. Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում