Կկանխի՞ Թուրքիան Սիրիական Քրդստանի առաջացումը

Կկանխի՞ Թուրքիան Սիրիական Քրդստանի առաջացումը

«Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր քրդական պետության ստեղծումը, որը հարավից սահմանակից կլինի Թուրքիային: Անկարան կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի այդ ծրագիրը երբեք չիրագործվի, որքան էլ բարձր լինի հարցի արժեքը»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի հայտարարությունը հնչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ քրդական ռազմականացված միավորումների զգալի հաջողությունների ֆոնին՝ Սիրիայի հյուսիսում: Այսպես, ստացված տեղեկությունների համաձայն շաբաթ օրը քրդական զորամիավորումները դուրս են շպրտել ծայրահեղականներին սիրիական Քոբանի քաղաքից: Ներկայումս քաղաքն ամբողջությամբ քրդերի հսկողության տակ է:

Սիրիայի հյուսիսում գտնվող Հասեքե քաղաքում սիրիական զորքերի և քրդական զինված ստորաբաժանումների միջև համաձայնություն է ձեռք բերվել ԻՊ-ի դեմ համատեղ դիմադրության կազմակերպման համար՝ «պաշտոնական իշխանությունների կողմից քաղաքում իրենց ազդեցությունը թուլացնելու համաձայնության դիմաց»: Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության, քրդական ղեկավարությունը «կկառավարի Հասեքեյի այն տարածքները, որոնք քրդական ինքնապաշտպանական ուժերը կազատագրեն ահաբեկիչներից»: Այս տարածքներում «քրդերը կկարողանան գերատեսչական շենքերի վրա տեղադրել իրենց դրոշները, պաշտոնական սիրիական դրոշի փոխարեն»:

Թուրքական իշխանությունները կոշտ արձագանքը Սիրիայում քրդական պետության ստեղծմանը այնքան էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ այդ երկրում ևս քրդական հարցը բավականին սուր է և մտավախություն կա, որ անջատողական ալիքը կտարածվի նաև Թուրքիայում: Արդեն իսկ տարիների առաջ Թուրքիային սահմանակից մեկ այլ պետությունում` Իրաքում, ձևավորվել է անկախ Քրդստան, որի հետ Թուրքիան բավականին սերտ հարաբերությունների մեջ է: Էրդողանի արձագանքը ևս մեկ անգամ ապացույցն է, որ Թուրքիան կանգնած է այն ուժերի հետևում, որոնք հովանավորում են ԻԼԻՊ-ի գործունեությունը Մերձավոր Արևելքում, ուստի նրա համար ավելի ցանկալի է սեփական սահմանների մոտ ծածանվի ԻԼԻՊ-ի, այլ ոչ թե Սիրիական Քրդստանի դրոշը: Եթե Սիրիայում քրդերին հաջողվեց ամրապնդել իրենց դիրքերը և նոր հաջողություններ արձանագրել, ապա կարելի է խոսել, որ «Մեծ Քրդստանի» սիրիական երազանքը ևս կյանքի է կոչվում:

Իսկ «Մեծ Քրդստանն ամենևին էլ դոկտրին չէ, այլ պրակտիկ քաղաքականություն, որը աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր ձևափոխություններ է առաջացնում: Այդ գործընթացը նույնիսկ իր պաշտոնական անվանումն է ստացել արևմտյան առաջատար տեսաբանների կողմից, այն է`«Նոր մեծ խաղ», որը ուղենշում է նոր քաղաքական սահմանները Մերձավոր Արևելքում, որտեղ կենտրոնական տեղը պատկանում է «Ազատ Քուրդիստանին», որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 450000 կմ2 (Թուրքիայում ավելի քան 200000կմ2, Իրանում` ավելի քան 160000կմ2, Իրաքում մինչև 75000կմ2, Սիրիայում մինչև 15000կմ2: Ըստ որոշ տվյալների, քրդերի քանակը հասնում է 35-40 մլն-ի, որից 20-25 մլնը՝ Թուրքիայում, Իրանում՝ 8-10մլն, Իրաքում` 5-6մլն, և Սիրիայում` մոտ 1,5մլն:

«Արաբական գարունը» և մի շարք արաբական պետությունների «ժողովրդավարացումը», ինչպես նաև այդ գործընթացի շարունակման փորձը Սիրիայում, ԱՄՆ-ի և դաշնակից տերությունների դիրքորոշումը Իրանի նկատմամբ, իսկ դրանից առաջ` Հուսեյնի վարչակարգի տապալումը Իրաքում, և այս պետության թուլացումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2003թ-ի իրաքյան պատերազմի ժամանակ, Թուրքիան չմիացավ դաշնակից պետություններին և հրաժարվեց տրամադրել իր տարածքը Իրաքի վրա հարձակման համար հանգեցրին Մերձավոր Արևելքում դերակատարների վերադասավորմանը: Այս ամենի ուղղակի հետևանք կարելի է դիտարկել քրդական հարցի հետ կապված զարգացումները և այն հեռանկարները, որոնք բացվում են «Մեծ Քրդստանի» տեսլականի իրագործման տեսանկյունից: ԱՄՆ-ին հարկավոր էր տարածաշրջանում մեկ այլ «Իսրայել», որը կլիներ իր շահերի անդավաճան ներկայացուցիչը տարածաշրջանում: Այդպիսի երկիր, կարելի էր ակնկալել, որ կլիներ Իրաքը, սակայն ներքին էթնիկ-կրոնական հակասություններով պառակտված Իրաքը, որի բնակչության 40%-ը Շիա մահմեդականներ են և 15%-ը քրդեր են, կայունության երաշխիքներ չեր կարող ապահովել ԱՄՆ-ի հարատև ու կենսական շահերի համար այս տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով ընտրվեց մի նոր տարբերակ`հանձին քրդական մոնոէթնիկ պետության, որը կստեղծվի ԱՄՆ-ի աջակցությամբ, ամբողջությամբ կլինի նրանից կախված, իր տարածքում կընդգրկի նավթի խոշորագույն հանքավայրեր (ներկայումս Իրաքում արդյունահանվող նավթի 60%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Քրդստանին) և աշխարհաքաղաքական հսկայական կարևորություն ձեռք կբերի Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և տարածաշրջանային այլ պետությունների վրա ճնշումներ գործադրելու համար:

Կանխատեսելի է, որ Հյուսիսային Իրաքում քրդական պետության հիմնումը հզոր ալիք կառաջացնի ինչպես Թուրքիայի քրդերի, այնպես էլ Սիրիայի և Իրանի քրդաբնակ տարածքներում: Մեզ համար առավել կարևոր է «Թուրքական Քրդստան» հասկացությանը, քանի որ այն շատ հաճախ հասկացվում է որպես Արևմտյան Հայաստանի տարածք, թեև «Թուրքական Քրդստանը» աշխարհագրական առումով, միանգամայն առանձին տարածք է: Այդ որակումն իր մեջ զուտ քաղաքական ենթատեքստ է պարունակում և կապվում է թուրքական հակահայ քաղաքականության հետ, որոնք, եթե մինչ 19-րդ դարի կեսերը Արևմտյան Հայաստանը կոչում էին «Էրմինիստան» և նույնիսկ «Էրմիսնիստան իքեբիր» («Մեծ Հայաստան»), ապա դրանից հետո սկսեցին անվանել Քրդստան: 20-րդ դարի գրեթե ողջ երկրորդ կեսին Թուրքիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, լինելով մրցակից և հակադիր քաղաքական շահեր ունեցող երկրներ, համաձայնեցված քաղաքականություն են վարել քրդական հարցում : Սակայն իրավիճակը 21–րդ դարի հենց սկզբից սկսեց փոխվել: Քրդերը, ճիշտ օգտագործելով պատմական իրավիճակը, փաստացիորեն կարողացան հասնել պետականության: Նման զարգացումները պահանջում են վերոհիշյալ չորս երկրների կողմից վարած քաղաքականության վերանայում, քանզի քրդական պետականությունն այլևս անխուսափելի իրականություն է:

Ստեղծված նոր իրողությանն ամենաօպերատիվն արձագանքեց Թուրքիան: Այժմ Թուրքիայի և քրդական ինքնավարության միջև ձևավորվել են բավականին ջերմ և գործընկերական հարաբերություններ: Առաջին հայացքից նման իրավիճակը պարադոքսալ է, սակայն Թուրքիան պատմությունից դասեր արդեն քաղել է. ղարաբաղյան կոնֆլիկտի հետևանքով Թուրքիան փակեց սահմանները ՀՀ-ի հետ և չձևավորեց որևէ տեսակի հարաբերություններ, ինչը հանգեցրեց նրան, որ Թուրքիան զրկվեց հայաստանյան իրականության վրա ներազդելու լեգիտիմ հնարավորություններից: Սա, իր հերթին, խոչընդոտ հանդիսացավ, որպեսզի Թուրքիան լիարժեք մուտք ունենա Հարավային Կովկաս: Նման բացթողում Իրաքյան Քրդստանի դեպքում թույլ չտրվեց, ընդհակառակը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս բարձրացրել են քրդերի իրավունքների պաշտպանության հարցը Իրաքում:

Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա նմանատիպ դիրքորոշում Թուրքիան պետք է ցուցաբերեր նաև Սիրիայում ձևավորվող քրդական պետության նկատմամբ բայց «բոլոր քրդերը հավասար են, սակայն որոշ քրդեր Թուրքիայի աչքին ավելի հավասար» են քան մյուսները: Այսպիսով, Թուրքիայի հարավում ձևավորվում է մի միավոր, որը կարծես թե այնքան էլ համահունչ չէ Թուրքիայի աշխարհաքաղաքական հաշվարկներին և հնարավոր է դառնա հենց այն պատրվակը, որը Թուրքիային հնարավորություն կտա զորքեր մտցնել Սիրիայի տարածք: Ներկա պահին Թուրքիայի ներքաղաքական ոչ կայուն իրավիճակը թուլ չի տալիս Էրդողանին միանգամից արձագանքի իրավիճակին, սակայն նոր կառավարության ձևավորումից հետո հավանականությունը մեծ է, որ Թուրքիան կտրուկ գործողությունների կդիմի:

Աննա ԲԱՐՍեՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում