ՀՀ տարածքի օդային լուսանկարահանում և լազերային սկանավորում է կատարվել

ՀՀ տարածքի օդային լուսանկարահանում և լազերային սկանավորում է կատարվել

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչությունն աշխատանքային հանդիպման ժամանակ ամփոփվել են «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի արդյունքները:  Ինչպես տեղեկացրին ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը 2012թ. հոկտեմբերի 4-ին դրամաշնորհ է սահմանել «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրին, որը նախատեսում էր իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Ծրագրի ընդհանուր տևողությունը  2.5 տարի էր: ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանն ու Նորվեգիայի թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության տնօրեն Հելգե Օնսրուդը բարձր են գնահատել ծրագրի արդյունավետությունը:Նպատակները, որոնք դրված էին դրամաշնորհային ծրագրի հիմքում, կարևորագույն նշանակություն ունեին ոլորտի առաջընթացի և արդիականացման գործում:

Ծրագրի նպատակներից հատկանշական են Հայաստանում մշտական գործող ՋիՊիԷս(GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը և Հայաստանի տնտեսապես ակտիվ գոտիների օդային լուսանկարահանումը, թվային բարձունքային մոդելի ստեղծումը և օրթոլուսանկարների ստեղծումը:

Ծրագրի առաջին փուլում ձեռք են բերվել և տեղակայվել 12 ռեֆերենց կայաններ, որոնք ձևավորել են Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS): Կայանների ցանցը հնարավորություն է ստեղծել բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում: ARMPOS համակարգի կիրառության ոլորտներն են՝ գյուղատնտեսություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրություն և այլն:

Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է ՀՀ տարածքի զգալի մասի (շուրջ 13.500 ք.կմ) օդային լուսանկարահանում և լազերային սկանավորում: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երևան, Գյումրի, Վանաձոր) լուսանկարահանվել են GSD-10սմ, իսկ այլ տարածքները GSD-20սմ ճշտությամբ: Ավարտվել են գեոդեզիական դիտարկումների, թվային բարձունքային մոդելի մշակման և օրթոլուսանկարների ստեղծման ուղղությամբ աշխատանքները: Ստացված օրթոֆոտոհատակագծերը մեծապես կնպաստեն առկա քարտեզների ճշգրտման և նոր հատակագծերի ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում