ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերության անունը պարզ կլինի մոտակա օրերին

ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերության անունը պարզ կլինի մոտակա օրերին

Կառավարությունը մոտակա օրերին կորոշի, թե աուդիտորական որ ընկերությունը ուսումնասիրություն կանցկացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա վստահեցրեց, որ աուդիտի արդյունքում պարզ կդառնան ՀԷՑ-ում աշխատանքին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները:

«Այն, որ ՀԷՑ-ում աուդիտի պահանջ կա, քննարկման ենթակա չէ: Իսկ թե ով կիրականացնի աուդիտը, դեռ պետք է որոշել: Աուդիտի տևողությունը կախված կլինի դրա ծավալներից, և կարող է տևել 3-6 ամիս: Ուսունասիրվելու են ոլորտի հետ կապված բոլոր հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Զախարյանը:

Նախարարը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչքան ժամանակ կպահանջի աուդիտի անցկացումը, կառավարությունը պատրաստ է բոլոր խավերի համար սուբսիդավորել 6.93 դրամ հավելյալ վճարները:

Լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե արդյոք Կառավարությունը նախկինում չունե՞ր այդ գումարները, որ թույլ չտար էլեկտրաէներգիայի թանկացումը կամ ՀԷՑ-ում կազմակերպեր աուդիտ: Էներգետիկայի նախարարը նշեց, որ նման հնարավորություններ չեն եղել:

«Եթե հնարավոր լիներ, անպայման կարվեր»,– հավելեց նա:Նախարարի խոսքով` էներգետիկ համակարգում իրոք կան  խննդեիրներ, որոնց նա անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ նշանակվել է Էներգետիկայի նախարար:

«Այսօր արդեն պատրաստ են էներգետիկ համակարգի զարգացման հիմնադրույթները և ռազմավարության ծրագիրը` մինչև 2036 թվականը: Դա քննարկվել է վարչապետի մոտ, ինչպես նաև Հանրային խորհրդի հետ: Նախատեսում ենք ապագայում քննարկել Ազգային ժողովում, որից հետո Կառավարությունը կհաստատի այն: Այդ փաստաթուղթը ոլորտի ընկերությունների համար կլինի  աշխատանքային ծրագիր»,– ասաց Երվանդ Զախարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում