Պուտինը հեռախոսազանգով և ուղերձով շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը

Պուտինը հեռախոսազանգով և  ուղերձով  շնորհավորել է  Սերժ Սարգսյանի տարեդարձը

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ի թիվս այլ երկրների ղեկավարների` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին  ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաև մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության և համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նաև հեռախոսազրույց է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում