Դավութօղլուի կուսակցությունը մեջլիսի խոսնակի ընտրություններում կաջակցի միայն իր թեկնածուին

Դավութօղլուի կուսակցությունը մեջլիսի խոսնակի ընտրություններում կաջակցի միայն իր թեկնածուին

Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ մեջլիսի խոսնակի ընտրությունների ժամանակ աջակցելու են միմիայն իրենց թեկնածուին՝ Իսմեթ Յըլմազին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մենք ունենք մեր թեկնածուին: Մինչև ընտրությունների վերջին փուլի վերջին վայրկյանն աջակցելու ենք միայն նրան»,- ասել է Դավութօղլուն՝ այդպիսով հաստատելով, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրություններում որևէ այլ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի իր ղեկավարած կուսակցությունը չի աջակցելու:

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չի կարող սեփական ուժերով ընտրել սեփական թեկնածուին, հետևաբար կա այլ կուսակցությունների հետ բանակցելու և նրանց ձայները ստանալու անհրաժեշտություն: Մեջլիսի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 367, իսկ երրորդ փուլում՝ 276 պատգամավորի ձայն: Եթե մինչև երրորդ փուլ որևէ թեկնածու չընտրվի, ապա 4-րդ փուլում կմրցեն նախորդ ընտրության ժամանակ ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուները, որոնցի ց էլ վերջին փուլում կհաղթի նա, ով կստանա ավելի շատ ձայն:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերը կանցկացվեն հունիսի 30-ին, իսկ երրորդ և չորորդ փուլերը՝ հուլիսի 1-ին: Խոսնակի ընտրությունից հետո երկրի նախագահը վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն, որը պետք է վերջնական տեսք ստանա 45 օր անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում