Գյումրիում նստացույցը դադարեցված է

Գյումրիում նստացույցը դադարեցված է

Գյումրու Թատերական հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներն այս պահին ավարտված են: Սակայն, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակցիայի մասնակիցները, թեեւ այս պահին նստացույց կամ երթ չկա, սա չի նշանակում, որ ակցիայի մասնակիցներն հրաժարվում են իրենց պահանջներից: Մեկ շաբաթ տևած նստացույցի պահանջները չեն փոխվում, բայց պայքարի ձևն այսուհետ այլ կերպ կշարունակվի: Ակտիվիստների խոսքով իրենց նպատակն իրազեկումն ու տեղեկատվության տրամադրումն էր, ինչն իրենք կատարված են համարում: Շուրջօրյա նստացույց, երթեր ու, այս ամենի արդյունքում՝ բնակչությունն իրազեկված է: Բայց սրանից հետո էլ գյումրեցիները կարող են երեկոները թատերական հրապարակում մասնակցել մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի քննարկման: «Գյումրին անցած օրերի ընթացքում ևս մեկ անգամ ապացուցեց, որ ունի լավ երիտասարդություն՝ պայքարող ու տոկուն, ավելին, ձևավորվեց պայքարի մի նոր մշակույթ» ,-նշեց ակտիվիստներից Արմեն Ներսիսյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը մեկնել են Երևան` միանալու Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող գործողություններին:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում