Գյումրիի սպանության քրգործի վարույթը ՀՀ իրավապահներին հանձնելու ժամկետ հնարավոր չէ նշել. Գլխավոր դատախազություն

Գյումրիի սպանության քրգործի վարույթը  ՀՀ իրավապահներին հանձնելու ժամկետ հնարավոր չէ նշել. Գլխավոր դատախազություն

 ՀՀ  և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին  հանձնելու վերաբերյալ:  ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի հետ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից: Արդյունքում կայացվել է իրավական որոշում՝  ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով,  ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ: Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ:

Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից:

Հաշվի առնելով գործընթացի նկատմամբ  հանրային մեծ հետաքրքրությունը, դրան առնչվող թույլատրելի տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունների  միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում