Իրաքից 7 հազար քուրդ զինյալ կուղարկվի Սիրիա

Իրաքից 7 հազար քուրդ զինյալ կուղարկվի Սիրիա

Սիրիայի կառավարությունը մտադիր է հավանություն տալ Իրաքից 7 հազար փեշմերգաների (քրդական ինքնավարության զինված ուժեր) Սիրիա անցնելու եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու ու Թուրքիայի զինված ուժերի կողմից հնարավոր ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիսում կանխելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի խորհրդարանի ազգությամբ քուրդ անդամ Օմեր Օվսին:

Նա ասել է, որ ներկայում ԻՊ-ի դեմ պայքարում քրդաբնակ Կամըշլըից եւ այլ շրջաններից ներգրավված 1700 քուրդ մարտիկ միացել են Սիրիայի բանակի Ալ Հասաքիում գտնվող ուժերին:

Սիրիայի խորհրդարանի ներկայացուցիչը խոսել է նաեւ ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված նոր պլանի մասին: Նա նշել է, որ իրաքյան Քուրդիստանից 7 հազար մարտիկների՝Սիրիա ուղարկելու շուրջ բանակցություններ են անցկացվում, ինչի համար մեծ է հավանականությունն այն բանի, որ Քուրդիստանի խորհրդարանը կարտոնի դա: Օմեր Օվսին ասել է, որ այդ ծրագիրը ոչ մի կերպ վնաս չի հասցնելու Սիրիայի ազգային իշխանությանը:

Անդրադառնալով Քոբանիում վերջին օրերին ԻՊ-ի և քրդերի բախումներում Թուրքիայի 15 քաղաքացու գերի ընկնելու փաստին՝ Օմեր Օվսին ասել է. «Քուրդ մարտիկները պատրաստ են Թել Աբյադի դեմ հնարավոր հարձակումը հետ մղել, իսկ Էրդողանի այդ վտանգավոր խաղն ավելի վճռական է դարձնելու 40 մլն քրդերի միավորումը»:

Նա ընդգծել է, որ քրդերը Սիրիայի բանակի հետ միասին պայքարում են ԻՊ-ի դեմ եւ արդեն հետեւում է մնացել Սիրիայում Թուրքիայի կառավարության կողմից կողմնակի տարրերի միջոցով կյանքի կոչվող պատերազմական պլանը:

ԻՊ խմբավորման հետ սերտ կապեր ունենալու մեջ մեղադրվող Էրդողանի կառավարությունն անհանգիստ է սահմանային շրջանները Սիրիայի բանակի եւ քրդերի ձեռքն անցնելու հնարավորությամբ: Բացի այդ, Էրդողանը վաղուց ծրագրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանային շրջաններում չեզոք գոտի ստեղծելու միջոցով վերահսկողություն հաստատել քրդաբնակ շրջաններում, որպեսզի դրանով կանխի Սիրիայի հյուսիսում` իր սահմանին քրդական նոր ինքնավորություն ստեղծվելու հնարավորությունը: Թուրքիայի ղեկավարն իր այդ նպատակն իրականացնելու համար լավ առիթ է համարում ներկայիս իրավիճակը :

Թուրքիայի նախագահ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն օրերս բացահայտ հայտարարել են, որ թուրքական բանակը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հետ 20-30 կմ խորությամբ սահմանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում