Է. Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի հետ սահմանին ադրբեջանական կոպիտ խախտումների վրա

Է. Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի  ուշադրություն է հրավիրել  ՀՀ-ի հետ սահմանին ադրբեջանական կոպիտ խախտումների վրա

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է , որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, և գոհունակություն հայտնել շարունակական քաղաքական երկխոսության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրն ասել է, որ իր այցելության նպատակն է առաջին ձեռքից ծանոթանալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ մոտեցումներին։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շուրջ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ գործողություններին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության, Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում