Ռուսական 200 մլն վարկից որևէ լումա չի ուղղվի էլեկտրաէներգիայի սակագնի բեռի փոխհատուցմանը. ՊՆ փոխնախարար

Ռուսական 200 մլն վարկից որևէ լումա չի ուղղվի էլեկտրաէներգիայի սակագնի բեռի փոխհատուցմանը. ՊՆ փոխնախարար

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադառնալով կառավարության կողմից ստանձնած պարտավորությանը՝ հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հարցրեց, թե արդյո՞ք այս վարկից է կատարվելու էլեկտրաէներգիայի նոր սակագնի փոխհատուցումը: Զուրաբյանն այստեղ հիշեցրեց Նախագահի հայտարարությունը, որ  սակագնի բարձրացման բեռը կառավարությունն իր վրա է վերցնելու,  և  որ գումարներ է գտնելու անվտանգության հետագա ամրապնդման համար  նախատեսվող միջոցներից:

«Եվս մեկ հանգամանք, որ հավաստի է դարձնում այս եզրակացությունը. այս փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 26-ին, հենց այն պահին, երբ բողոքի ցույցերը գագաթնակետին էին հասել»,-լրացրեց նա:

ՊՆ փոխնախարարն ի պատասխան վստահեցրեց, որ ոչ մի  լումա չի կարող այս վարկից ուղղվել այլ նպատակի. «Համաձայնագրի հոդվածով էլ սահմանված է, որ 200 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկը ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար է»,-ասաց նա և նշեց, որ կա համապատասխան ցանկ, թե ինչ զինամթերք է ձեռք բերվելու:  Ավելին, փոխնախարարը շեշտեց՝ թեև այն գաղտնի է, բայց ցանկացած պատգամավոր կարող է ծանոթանալ դրան:

Նույն հարցադրումն արեց  նաև  Նիկոլ Փաշինյանը՝  ի՞նչ միջոցների մասին է խոսում Սերժ Սարգսյանը, ի՞նչ անվտանգության հետագա ամրապնդման մասին է խոսքը,  ինչին արձագանքելով  Արա Նազարյանը կրկնեց Զուրաբյանին տված պատասխանը.

«Չեմ կարող ինձ իրավունք վերապահել մեկնաբանել Գերագույն գլխավոր հրամանատարին, բայց բացառվում է, որ վարկային գումարները, ավելին՝ ՊՆ բյուջեով նախատեսված միջոցներից որևէ լումա այլ նպատակների կամ Ձեր նշածներին ուղղվի»։

Ի դեպ, առաջին երեք տարիների ընթացքում մարվելու են միայն տոկոսադրույքները, իսկ դրանից հետո 10 տարվա ընթացքում մարվելու է մայր գումարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում