Մարդու վերարտադրողական առողջությունը կառավարության ուշադրության կենտրոնում է

Մարդու վերարտադրողական առողջությունը կառավարության ուշադրության կենտրոնում է

Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, որի խախտման դեպքում արարքը կդիտարկվի որպես ապօրինի կատարված և կհանգեցի օրենքով նախատեսված պատասխանատվությանը: Նաև սահմանվում է օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:

Դրանք են՝ կնոջը հղիության արհեստական ընդհատման համար վերջնական որոշման կայացման համար պարտադիր ժամանակահատվածի տրամադրում, ինչը մեծապես կնպաստի կնոջ կողմից հիմնավորված որոշում կայացնելուն, նաև հղիության արհեստական ընդհատման նպատակով դիմելու և համաձայնության գրավոր կարգով ներկայացնելու պահանջների սահմանում:

Նախատեսվում է բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ անվճար խորհրդատվությունների տրամադրում: Այս պահանջի խախտման դեպքում բժիշկը կկրի վարչական պատասխանատվություն:

Նախագծի հիմնավորմամբ ներկայացված են վիճակագրական տվյալներ, որոնք լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:

Նման անհամամասնության ձևավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, այնպես էլ այն, որ հարցը դուրս էր մնացել օրենսդրական կարգավորման շրջանակներից: Սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել: Այսպես. 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում: Նման սեռային հարաբերոկցության շարունակման դեպքում կանխատեսվում է սեռային խզում, որպես հետևանք՝ բնակչության թվաքանակի նվազում: Հարցի հետագա չկարգավորումը լի է ժողովրդագրական սպառնալիքներով:

Խնդրի օրենսդրական կարգավորումը կնպաստի սեռով պայմանավորված հղիության ընդհատման նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի ձևավորմանը, աղջիկների և տղաների հավասար արժևորման խթանմանը, ձևավորված կարծրատիպերը կոտրելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում