Նախարարներին կից հանրային խորհուրդները նպաստելու են նախարարությունների գործունեության թափանցիկությանը

Նախարարներին կից հանրային խորհուրդները նպաստելու են նախարարությունների գործունեության թափանցիկությանը

ՀՀ նախարարներին կից հանրային խորհուրդները նպաստում են երկրում գործող նախարարությունների գործունեության թափանցիկությանը և մասնակցային գործունեությանը ապահովմանը: Այս մասին ՀՀ արդարադատության և «Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափանիշներին օրենսդրության մոտարկում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» սեմինար-քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը: «Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձիք, որոնց գործունեությունը համընկնում է տվյալ նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, և նրանց անդամակցությունը խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել այս մարմնի նպատակների առավել արդյունավետ իրականացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ նախարարություններին կից հանրային խորհրդի կազմում ընդգրկվելու համար համապատասխան նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարություն հիման վրա պետք է դիմում ներկայացրել հանրային խորհրդի նախագահին (տվյալ նախարարության նախարարն է):

Նա նկատեց, որ խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ (անհրաժեշտության դեպքում խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների կեսից ավելիի նախաձեռնությամբ կարող է գումարվել նաև արտահերթ նիստ): «ՀՀ նախարարներին կից հանրային խորհուրդների նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ` էլեկտրոնային փոստի միջոցով: Այդ հանրային խորհուրդները կարող են ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք կարող են էական ազդակ հանդիսանալ տվյալ նախարարության գործունեության որևէ ոլորտում բարեփոխումներ կամ շտկումներ իրականացնելու համար»,- շեշտեց Դիանա Ղազարյանը` հավելելով, որ խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են նախարարությունների աշխատակազմում և հրապարակվում են այդ գերատեսչությունների պաշտոնական կայքերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում