Վալերի Օսիպյանը ցուցարարներին կոչ է անում սեփական նախաձեռնությամբ բացել Բաղրամյան պողոտան

Վալերի Օսիպյանը ցուցարարներին կոչ է անում սեփական նախաձեռնությամբ բացել Բաղրամյան պողոտան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է անում սեփական նախաձեռնությամբ հեռացնել աղբամանները և բացել պողոտան: Ցուցարարների հետ զրույցում Օսիպյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը կարող է պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում շատ արագ բացել Բաղրամյան պողոտան: «Սակայն, ես հիմա պաշտոնապե ս հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը ձեր նկատմամբ չի պատրաստվում ուժ կիրառել, որևէ գործողության դիմել: Եկեք պարզապես դուք սեփական նախաձեռնությամբ հեռացրեք աղբամանները, բացեք Բաղրամյան պողոտան, գնացեք Ազատության հրապարակում շարունակեք նստացույցը: Եթե ցանկանում եք Բաղրամյան պողոտայով խաղաղ երթ անցկացնել, դիմեք քաղաքապետարան, ստացեք թույլտվություն, իսկ ոստիկանությունն էլ այդ ժամանակ կապահովի ձեր երթի խաղաղ ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Օսիպյանը:

Նա վստահեցրեց ցուցարարներին, որ ոստիկանությունը շատ արագ` 5 րոպեում, կարող է Բաղրաման պողոտայում վերականգնել հասարակական կարգը` առանց ակցիայի մասնակիցներից որևէ մեկին վնասելու կամ նրանց նկատմամբ ուժ կիրառելու: «Բայց մենք այս պահին դա չենք ուզում, մենք ուզում ենք միասին անել այդ ամենը, աշխարհին ցույց տանք, որ մեզ մոտ քաղաքացիական հասարակության և ոստիկանության միջև փոխըմբռնում կա: Մենք էլ ձեզանից մեկն ենք և ցանկանում ենք միասին պողոտայում վերականգնել հասարակական կարգը: Մենք չենք ցանկանում, որ մեր հասարակության մեջ ավելորդ լարվածություն լինի»,- ասաց Օսիպյանը:

Ցուցարարները նրան հիշեցրեցին, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից եղել են անհամաչափ գործողություններ, ինչին ի պատասխան Օսիպյանն ընդգծեց, որ ՀՀ ոստիկանապետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ երեկ արդեն քրեական գործ է հարուցվել: Նա վստահեցրեց, որ եթե կան ոստիկաններ, ովքեր այդ օրը ոչ համաչափ են գործել, նրանք կենթարկվեն պատասխանատվության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում