Ոստիկանությունը տվյալներ ունի ցույցի կազմակերպիչների կողմից նախապատրաստվող սադրանքների մասին

Ոստիկանությունը տվյալներ ունի ցույցի կազմակերպիչների կողմից նախապատրաստվող սադրանքների մասին

Ոստիկանությունը տվյալներ ունի, որ իրենց Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի կազմակերպիչներ համարող որոշ անձինք որոշում են կայացրել սրել իրավիճալը, դիմել ոստիկանության նկատմամբ սադրանքների: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք ունենք տեղեկություններ, որ որոշ մարդիկ, ովքեր իրենց համարում են այս հավաքի կազմակերպիչներ, գիշերը նստել և մտածել են, որ այսպես հետաքրքիր չէ, և որոշել են, բացի աղբամաններից, բերել վրաններ, բարիկադներ տեղադրել, սրել իրավիճակը, ոստիկանության նկատմամբ սադրանքների դիմել, փակել փողոցներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Ահարոնյանը:

Նա հայտարարեց, որ զերծ կմնա անուններ տալուց, սակայն ցանկանում է հայտնել, որ որոշ մարդկանց մոտ նման տրամադրվածություն կա: «Շատ կարճ ժամանակ անց դուք այս մասին կլսեք արդեն իրենցից, և ես ցանկանում էի նախօրոք ձեզ այդ մասին տեղյակ պահել: Արդեն կա որոշում, որ մի քանի անձինք պետք է այս շարժումը ղեկավարեն: Նրանք առաջարկելու են բարիկադներն ավելի մոտեցնել ոստիկանությանը: Նրանց դուր չի գալիս, որ ոստիկանությունը պասիվ է, ինչը մարում է շարժումը: Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ այս ամենը որոշ անձինք այստեղ հնչեցնելու են: Հորդորելու են մարդկանց ոստիկանության հետ բախումներ հրահրել, բարիկադներն առաջ տանել»,- նշեց Ահարոնյանը:

Նա ցուցարարներին հորդորեց ուշադիր լինել և թույլ չտալ, որ խաղաղ հավաքն այլ բանի վերածվի: Ահարոնյանը հստակեցրեց, որ կան 4-5 անձինք, ովքեր որոշել են առաջնորդել շարժումը և ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց սցենարով գնա շարժումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում