Թեհրանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով

Թեհրանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 1-ին հանդիպել է ԻԻՀ ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման պետական կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրել է երկկողմ տնտեսական հարաբերություններում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի և փոխադարձ ներդրումների իրականացման կարևորությունը: ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել նաև Թեհրանում նախատեսվող Հայաստան-Իրան գործարար համաժողովի անցկացմանը:

Կազմակերպության նախագահ Խազային պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Իրանի միջև ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա ողջունել է գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնությունը և նշել, որ այն լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների ներդրողներին միմյանց հետ ծանոթանալու և Հայաստանի ու Իրանի օրենսդրությունների մասին տեղեկանալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում