Իտալական կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ կցուցադրվի

Իտալական կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ կցուցադրվի

Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվելիք Cinema Ritrovato (Վերահայտնագործված ֆիլմեր) 29-րդ կինոփառատոնում ցուցադրվելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում պահվող, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր` շարժապատկերներ: Դրանք փաստաթղթեր են այն մասին, թե ինչպես են որոշ հայեր կարողացել փախչել մահվան ճանապարհորդությունից` տեղահանությունից, ինչպես է հայ որբերին հաջողվել նավակներով փախցնել Թուրքիայից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս»-ը:

Մինչ այժմ Ցեղասպանության տարիների վերաբերյալ հիմնականում միայն լուսանկարներ են հայտնի, եւ այս համր շարժանկարների հայտնաբերումը խիստ արժեքավոր է համարվում: Ամերիկյան Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված ֆիլմը, որը պահպանության տակ է առնվել մասնագետների կողմից եւ վերագրանցվել ժամանակակից տեխնոլոգիաներով, Ցեղասպանության տարիներից հետո մեզ հասած ամենակարեւոր տեսանյութն է:

Ֆրանսիական AFP լրատվական գործակալության համաձայն` ֆիլմի ի հայտ բերմանը մեծ մասնկացություն ունեցած եւ իտալական կինոփառատոնի համակարգողներից Մարիան Լեւինսկին համոզմունք է հայտնել, որ այդ շարժապատկերները Թուրքիայում նկարահանվել են 1923 թվականին:

Համր ֆիլմի հետ կապված Լեւինսկին պատմել է հետեւյալ մանրամասները. «Ֆիլմում միանշանակ Ստամբուլն է պատկերված: Այնտեղ երեւացող շենքը անգլիական որբանոց է, որտեղ նրանք հավաքել եւ ապաստանել են հայ որբերին` տարբեր երկրներ ուղարկելուց առաջ»:

Լեւինսկին հայտնել է, որ ֆիլմի հրաշք շարժապատկերները գտնվում են ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի պատմական հավաքածուների մեջ, որը պահվում է գրադարանի Օրեգոնայի կենտրոնում: Նրա խոսքով` դեռեւս հայտնի չէ, թե ով է այդ շարժապատկերների հեղինակը:

«Կինոփառատոնում պատմական իրողություններն ի հայտ բերող այդ տեսանյութի ցուցադրությունը մեր երախտագիտական պարտքն ու պարտականությունն է: Մենք բանակցություններ ենք անցկացնում նաեւ Ստամբուլի կինոփառատոնի պատասխանատուների հետ, եւ հավատում ենք, որ ֆիլմը կցուցադրվի նաեւ այնտեղ»,- հավելել է Լեւինսկին:

Ֆիլմը ցուցադրվելու է Բոլոնիայի կինոփառատոնի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բաժնում: Այդ բաժնում ցուցադրվելու են նաեւ 1925 թվականին Համո Բեկնազարյանի նկարահանած «Նամուս» ֆիլմը, Սերգեյ Փարաջանովի` 1969 թվականին նկարահանած «Նռան գույնը» ֆիլմը, Հենրիկ Մալյանի` 1980 թվականին նկարահանած «Նահապետ» ֆիլմը, ինչպես նաեւ խիստ ուշադրության արժանի` Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստում ֆրանսիական բանակի կողմից նկարահանված հայ փախստականների մասին պատմող 5 րոպեանոց փաստագրական ֆիլմը:

Կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժնում ցուցադրվելիք ամենանշանակալից ֆիլմը կլինի «Հայաստան, մարդկության օրրան» (Armenia, Cradle of Humanity) Թուրքիայում նկարահանված 4 րոպեանոց ֆիլմը, որը պատմում է կոտորածից փրկվածների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում